Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ ագրեսիա է նաև հայկական ժողովրդավարության դեմ. Փաշինյան
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ ագրեսիա է նաև հայկական ժողովրդավարության դեմ:
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ավելացրեց.
«Նախորդ տարվա մայիսի 12-ին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի սուվերեն տարածք նաև հարձակում է հայկական ժողովրդավարության վրա: Հայաստանը պատրաստվում էր արտահերթ ընտրությունների, ժողովրդավարության ամենակարևոր գործիքներից մեկն էր փորձում գործարկել ներքին կայունության և ճգնաժամը հաղթահարելու նպատակով»:
ՀՀ վարչապետի գնահատմամբ՝ սա նաև Հայաստանի տնտեսական առաջընթացի նկատմամբ հարձակում էր:
«Ի հեճուկս կանխատեսումների՝ ընթացիկ տարում Հայաստանը տնտեսական աճի բավականին բարձր ցուցանիշ ունի: Բայց խնդիրը նույնիսկ ընթացիկ ցուցանիշները չեն: Ընդամենը մեկ շաբաթ առաջ հրապարակվեց տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսը, որի արդյունքներով Հայաստանը տնտեսական ազատության ցուցանիշով աշխարհի 165 երկրների շարքում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:
Ընդ որում՝ 2018 թվականի համեմատությամբ էականորեն բարելավել է դիրքերը:
Կան ուժեր, որոնք չեն ուզում, որ Հայաստանը դառնա մրցունակ պետություն»,- ասաց նա: