2020թ․ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման ոչ պատշաճ դատապարտումն է «կանաչ լույս» վառել Ադրբեջանի համար
Սեպտեմբերի 15-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում: Դեսպան Պապիկյանը մասնակից պետությունների առաքելությունների ղեկավարներին և ներկայացուցիչներին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասները։ Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղեկցվող ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի հարյուրից ավելի զոհեր և տարբեր աստիճանի ծանր վիրավորում ստացած քաղաքացիական անձինք: Նշվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը` կիրառելով ծանր հրետանի և հարվածային ԱԹՍ-ներ, թիրախավորել են Հայաստանի Հանրապետության սահմանի հարավային և արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրերը և կենսական ենթակառուցվածքները, հրկիզման են ենթարկել մեծածավալ անտառածածկ տարածքներ: ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներ ներխուժումը Ադրբեջանի՝ անցած դարի 90-ականներից սկսած առավելապաշտական և հայատյաց քաղաքականության շարունակությունն է, որով սկիզբ դրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նա հավելել է, որ 2020 թվականի Ադրբեջանի կողմից ուժի կիրառման ոչ պատշաճ դատապարտումն էր, որ «կանաչ լույս» է վառել Ադրբեջանի համար` տապալելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը, և ընդգծել, որ միջազգային հանրության համարժեք և հասցեական արձագանքի ու քայլերի շնորհիվ հնարավոր է կանխել վերջինիս ագրեսիվ քաղաքականության դրսևորումներն ու առավելապաշտական նկրտումները: Արմեն Պապիկյանը նշել է, որ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան և դրա հետևանքներն անտեսելը կհանգեցնի եվրոպական անվտանգային ճարտարապետության հետագա քայքայմանը և լրջորեն կխաթարի կազմակերպության հիմնարար սկզբունքները։ Դեսպան Պապիկյանն ընդգծել է, որ ուժի հետագա կիրառումը կամ դրա սպառնալիքը կխաթարի տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր հարցերի կարգավորմանը։ Շեշտվել է միջազգային մանդատ ունեցող բանակցային ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հրատապությունը: