Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ տիկին Փելոսիի հետ, քննարկեցինք տարածաշրջանային խնդիրներ, երկկողմ փոխգործակցության լայն շրջանակ։ Այդ մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մեզ համար չափազանց կարևոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան, ում աջակցությունը մենք մշտապես զգացել ենք ամենադժվարին և մեզ համար զգայուն հարցերում»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահը հայտնեց՝ հանդիպման ընթացքում խոսել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին:

«Տեղեկացրել եմ, որ ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլև բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, որի հետևանքով կան բազում մարդկային կորուստներ:

Հստակ է, որ Ադրբեջանի  ռազմաքաղաքական իշխանությունն օգտվում է այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Ուկրաինայում տեղի ունեցողին:

Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին իր կատարած ջանքերի համար, որի միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն: Շնորհակալ ենք նաև ԱՄՆ իշխանությանը, մասնավորապես, բազմաթիվ կոնգրեսականներին՝ Ադրբեջանի պատերազմական գործողություններին հասցեական գնահատական տալու համար:

Հանդիպմանը ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թ. Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդման գործում արձանագրված հետևողական առաջընթացը և իրականացվելիք քայլերը:

Անդրադարձել ենք հայ-ամերիկյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու քննարկել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս համատեքստում բարձր եմ գնահատել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գործունեությունը և իր առանցքային դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում:

ԱՄՆ Կոնգրեսը շարունակաբար ապացուցել է, որ հուսալի գործընկեր է և կարևոր հարթակ, որտեղ փոխըմբռնման և իրական բարեկամության մթնոլորտում կարող են քննարկվել Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Քննարկել ենք նաև տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

Երկուստեք կարևորել ենք ժողովրդավարական արժեքներին միտված համատեղ օրակարգի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը»,- ասաց Սիմոնյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն