168.am-ի  տեղեկություններով՝  Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի աշխատասենյակը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանի կադրային «բարեփոխումների» ալիքը շուտով կհասնի Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին:

Ըստ մեր աղբյուրների՝ նրան արդեն իսկ տեղեկացրել են աշխատանքից ազատման դիմում գրելու անհրաժեշտության մասին. այդպես է ցանկացել Գագիկ Ջհանգիրյանը:

Մեր տեղեկություններով՝ Կարեն Փոլադյանին կփոխարինի Գագիկ Ջհանգիրյանի գաղափարակից, աջակից, գործընկեր ու աշակերտ Աննա Վարդապետյանը, ով ներկայումս զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանի՝ իրավական հարցերով օգնականի պաշտոնը, և ում գործողություններում այդպես էլ ոչ գլխավոր դատախազությունը և ոչ էլ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հանցակազմ չտեսան:

Հիշեցնենք, որ դեռևս մարտի 10-ին սկանդալային տեսանյութ հրապարակվեց, որում հստակ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։

Փաստեր էին հրապարակված մասնավորապես այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։

Նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ տեսանյութերի, Աննա Վարդապետյանին է փոխանցել բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև գործով անցնող վկաների վերաբերյալ տեղեկատվություն:

Ավելի ուշ՝ ապրիլի սկզբին, «Մեդիապորտ» տելեգրամային ալիքը հրապարակեց ևս մեկ ձայնագրություն, որում Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը դրանից մոտ երկու ամիս առաջ ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների գործերը քննող քննիչներին՝ նրանց տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։

ԱԱԾ քննչական դեպարտամենտը համարեց, որ որպես քրեական, բանկային և այլ իրավունքների բացառիկ մասնագետ՝ Աննա Վարդապետյանն ընդամենը խորհրդատվություն է տրամադրել քննիչներին:

Նկատենք նաև, որ Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանն էր փաստաթուղթ հրապարակել այն մասին, որ Աննա Վարդապետյանն ու տարբեր քննիչներ հաճախ են լինում ԲԴԽ-ում:

«Փաստերը վերլուծելով՝ ես տեսնում եմ, որ իրավապահ համակարգը կուրացիա են անում Աննա Վարդապետյանն ու Գագիկ Ջհանգիրյանը, այլապես ի՞նչ գործ ունեին Գագիկ Ջհանգիրյանի մոտ ՀԿԳ քննիչներ, ովքեր տարբեր գործեր են վարում, և Աննա Վարդապետյանը»,- մեզ հետ զրույցում ասել էր փաստաբանը՝ նշելով, որ Աննա Վարդապետյանը, ըստ վերջին ձայնագրության, տալիս է հանձնարարականներ ու հետո գնում դրանք ստուգելու:

Կարեն Փոլադյանից չհաջողվեց ճշտել տեղեկատվությունը. նա մեր զանգերին չպատասխանեց:

ԲԴԽ-ից է, ի պատասխան մեր հարցի, ասացին, որ Կարեն Փոլադյանն այս պահին կատարում է իր լիազորությունները:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն