Եվրոպայի ծանրամարտի առաջնությանն ընդառաջ «Կիլիկիա» մարզադահլիճի հիմնանորոգման նախագծման համար կհատկացվի 24 մլն դրամ
2023 թվականի ապրիլին Հայաստանում կայանալիք Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությանն ընդառաջ ՀՀ Կառավարության որոշմամբ 24 մլն դրամ գումար է հատկացվելու «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:
Եվրոպայի առաջնության շրջանակում նախատեսվում է «Կիլիկիա» մարզադահլիճը դարձնել ծանրամարտի՝ միջազգային չափանիշներին համապատասխան մարզումային դահլիճ: Գումարը պետական բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին:
Նախատեսվում է կիրառել նախագծման աշխատանքների հետևյալ ժամանակացույցը.
ծավալատարածական էսքիզային լուծումներ և հատակագծերի հաստատում` 10 օր, «Նախագիծ» փուլի մշակում և փորձաքննություն` 40 օր, աշխատանքային փաստաթղթերի մշակում՝ շինարարության ընթացքին զուգահեռ՝ 40 օր:
Այսպես` նախագծումը և նախագծի փորձաքննությունն իրականացվելու են փուլային տարբերակով:
Հիմնանորոգման ենթակա մարզադահլիճի նախագծային լուծումները կներառեն հիմնական պահանջներ օբյեկտի սեյսմակայունության, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, ներքին հաղորդակցման ուղիների (ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման), օդափոխության, օդորակման, տեսահսկման համակարգերի կառուցման կամ հիմնանորոգման, տարածքի բարեկարգման, գոյություն ունեցող շենքի և շինության հատակագծային լուծումների արդիականացման ու միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ հարդարման միջոցառումներ և այլն: