Սահմանային լարվածության ֆոնին վերջին օրերին դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է
Սահմանային լարվածության ֆոնին վերջին օրերին դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է: Բանկերում և արտարժույթի փոխանակման կետերում միջինը դոլարի առքն արժի 420, իսկ վաճառքը՝ 430 դրամ, մեկ շաբաթ առաջվա համեմատ 15 դրամով աճել է: Սա մասնագետը երկու գործոնով է պայմանավորում, նախ՝ զբոսաշրջային հոսքերի նվազման միտումն է առանձնացնում:
Վիլեն Խաչատրյան (ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ) - Իսկ մյուս գործոնը պայմանավորված է այն հանգամանքով, որ սովորաբար պատերազմական իրավիճակներով մարդիկ անցում են կատարում դեպի արտարժույթ, այսինքն՝ կուտակում են որոշակի առումով արտարժույթ, որպեսզի հնարավոր ռիսկերի պարագայում կարողանան անվտանգության բարձիկ ունենալ:
Ճիշտ է՝ վերջին օրերին իրավիճակը հանգիստ է, սակայն ագրեսիայի հետևանքով ռմբակոծության ենթարկված զբոսաշրջային համայնքները դեռևս չեն վերականգնվել՝ նշում են մասնագետները:
Վիլեն Խաչատրյան - Զբոսաշրջային հոսքերի տեսանկյունից որոշակի փոփոխություն կարող է տեղի ունենալ, և հատկապես դեպի Սյունիք, դեպի Վայոց ձոր զբոսաշրջային հոսքերի կրճատման տեսանկյունից կարող է լինել այդտեղ տնտեսական ակտիվության որոշակի անկում, և նույն զբոսաշրջիկները որոշակի ժամանակ սպասեն՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում այդ մարզերում՝ անվտանգության գործոններով պայմանավորված:
Վիլեն Խաչատրյանի պնդմամբ՝ Ադրբեջանը սրանով նաև փորձել է մեր տնտեսական կայունության վեկտորը խզել: Տնտեսագետ Սոս Խաչիկյանի կարծիքով՝ ընդհանուր առմամբ դեռ վաղ է գնահատել իրավիճակի ազդեցությունը տնտեսության վրա:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան) - Եթե ստացվի թեկուզ այս պայմաններում, այս փոխարժեքի պայմաններում կայունացնել դրամ-դոլար հարաբերակցությունը, ապա, բնականաբար, հետագայում հնարավոր կլինի խոսել արդեն երկարաժամկետ հատվածում թեկուզ 10-15 դրամով փոխարժեքի փոփոխության պարագայում մեր արտահանման-ներմուծման վարքագծի վրա:
Դրամի արժեզրկումը սովորաբար բերում է նաև ներմուծվող ապրանքների որոշակի գնաճ՝ նշում է Սոս Խաչիկյանը, սակայն, ըստ նրա՝ ընդհանուր տնտեսության վրա դրա ազդեցությունը մեծ չի լինի:
Սոս Խաչիկյան - Բնականաբար, տնտեսության համար բավականին ռիսկային է, կարելի է այդպես ասել, սակայն հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կարճ ժամկետում ստացվեց կանխել բոլոր տիպի պատերազմական գործողությունները, և այդ կարճաժամկետ հատվածում նաև տնտեսությունը ստացավ իր ազդակները: Այս ազդակների պահպանման դեպքում, կայունության պահպանման դեպքում տնտեսության համար որևէ խնդիր չի առաջանա:
Ըստ մասնագետների՝ ներկա տնտեսական ցուցանիշները բավականին ամուր բարձիկ են ստեղծել, որպեսզի տնտեսությունը նման կարճաժամկետ ճնշումներին կարողանա դիմակայել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան