Կարանտինը 6 ամսով կերկարաձգվի, նախագիծը ուղարկվել է կառավարություն. Ավանեսյան
Հայաստանում կարանտինը կերկարաձգվի ևս վեց ամսով, որը սահմանվել էր կառավարության որոշմամբ՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
«Կարանտինի մասին որոշման նախագիծը շրջանառվել է, ՀՀ կառավարությունում է, և, կարծում եմ, որ կարանտինի երկարաձգման որոշում կկայացվի: Ըստ իս՝ միանշանակ պետք է երկարացվի այն, որովհետև կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը մեզ հնարավորություն է տալիս սահմանափակումների խիստ կամ նվազ ծավալ կիրառել»,-շեշտեց նախարարի պաշտոնակատարը:
Նրա խոսքով՝ այս պահին ՀՀ սահմանը հատելիս ՊՇՌ թեստավորման մասին պահանջը սահմանվում է կարանտինի մասին որոշմամբ: «Մենք հիմա չենք օգտագործում կարանտինի մասին որոշմամբ հնարավոր բոլոր գործիքակազմը, բայց որոշ բաղադրիչներ ժամանակի ընթացքում ճկուն փոփոխվում են: Այո՛, վեց ամսով այն կերկարաձգվի»,- ընդգծեց Ավանեսյանը՝ հավելելով, որ սահմանափակումների նոր փաթեթ կներկայացվի, քանի որ սեպտեմբեր ամսին ուսումնական նոր տարվան զուգահեռ սպասվում է մեծ շարժ և պետք է միջոցներ ձեռնարկել դրա դեմ պայքարելու համար:
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանում կարանտինը սահմանվել էր 2020 թվականի սեպտեմբերի 11-ից: 4-ամսյա կարանտինը մինչև 2021թ. հունվարի 11-ն էր սահմանվել, բայց կառավարությունը այն երկարաձգեց մինչև այս տարվա հուլիսի 11-ը: Կարանտինի պայմաններն են՝ օրինակ, այն, որ Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձիք կարող են հատել հայաստանյան ցամաքային սահմանը, որը նրանց համար փակ էր անցած տարվա մարտից՝ բացառությամբ մի շարք դեպքերի՝ Հայաստանի քաղաքացիների ընտանիքների անդամների, այստեղ բնակվելու իրավունք ունեցող անձանց, դիվանագիտական ներկայացուցիչների և նրանց ընտանիքների անդամների, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող մեքենավարների համար և այլն։