Հուլիսի 9-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ավազակային հարձակման դեպք է գրանցվել Հրազդան քաղաքում: Հանցագործության հեղինակը, ներխուժելով տներից մեկը, դանակով սպառնացել է տանտիրուհուն, հափշտակել ոսկյա մատանի ու 300 հազար դրամ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Հրազդան քաղաքի բնակչուհու նկատմամբ առերևույթ կատարված ավազակային հարձակման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2021թ. հուլիսի 9-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ մետաղապլաստե պատուհանը հրելու ու բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել Հրազդան քաղաքում գտնվող բնակարան և հարձակում գործել տանտիրուհու վրա: Այդ ընթացքում որպես զենք օգտագործվող դանակով վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել և հափշտակել է շուրջ 300.000 ՀՀ դրամ գումար և ոսկյա մատանի, որից հետո դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ  մասի 3-րդ և 4-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն