Ռուսաստանը պատրաստ է տրամադրել խորհրդատվական աջակցություն՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանի դելիմիտացիայի հարցով աշխատանքների սկսմանը՝ հետագայում դրա դեմարկացիայով՝ երկու երկրների միջև հակամարտությունը շուտափույթ լուծելու համար: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Tass-ը։

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ որպես այս խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում, մենք տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկը` դրան հաջորդող սահմանագծմամբ։ Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն, և ներկայումս շփումները շարունակվում են արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների, ինչպես նաև սահմանային ծառայությունների միջոցով, այդ թվում՝ լարվածությունը թուլացնելու նպատակով», - ասել է Զախարովան:

Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ իրավիճակը, որը ստեղծվել է երկու երկրների սահմանին, ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ, այլ ավելի շուտ դա սահմանի օրինական գրանցման բացակայության հետևանք է:

«Մենք ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշակի շրջաններում իրավիճակը անմիջականորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ և դա սահմանի միջազգային իրավական գրանցման բացակայության հետևանք է: Ընդհանուր ֆոնը, իհարկե, խորացնում է կողմերի փոխադարձ վստահության բացակայությունը, սա իրոք այդպես է», - հավելել է Զախարովան։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն