Իրավապաշտպանները դիմել են ԵԽ նախարարների կոմիտե՝ պարտադրելու Ադրբեջանին կատարել ՄԻԵԴ վճիռները
Հայ իրավապաշտպանները դիմել են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե՝ պահանջելով պարտադրել Ադրբեջանին՝ կատարել Եվրոպական դատարանի՝ 2020-21 թվականներին կայացված վճիռները: Դրանք վերաբերում են Մանվել Սարիբեկյանի, Գուրգեն Մարգարյանի, Կարեն Պետրոսյանի, Մամիկոն Խոջոյանի և Լապշինի խախտված իրավունքներին:
Արտակ Զեյնալյան (ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ) - Պետությունը պարտավոր է վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը: Պետք է պատշաճ և ջանադիր հետաքննություն, նախաքննություն իրականացնի, բացահայտի մեղավորներին և նրանց ենթարկի պատասխանատվության:
Ադրբեջանը չի շտապում իրականացնել միջազգային պարտավորությունը, այս գործերով տրամադրել նաև արդարացի փոխհատուցում: Ադրբեջանում խոշտանգվել, ապա սպանվել էին գերության մեջ հայտնված Մանվել Սարիբեկյանն ու Կարեն Պետրոսյանը, անմարդկային վերաբերմունք էին դրսևորել նաև Մամիկոն Խոջոյանի նկատմամբ, որը հայկական կողմին փոխանցվելուց հետո մահացել էր: Ադրբեջանը չի կատարել նաև Բուդապեշտում Սաֆարովի կողմից դաժանորեն սպանված Գուրգեն Մարգարյանի և բլոգեր Ալեքսանդ Լապշինի գործով վճիռները:
Բլոգերը դիմել էր ՄԻԵԴ՝ իր նկատմամբ Բաքվի բանտում սպանության փորձ կատարելու և դաժան խոշտանգումներ իրականացնելու մեղադրանքով:
Արտակ Զեյնալյան - Դիմել ենք նախարարների կոմիտե, նշել ենք այս փաստերը, որ որևէ բան չի արվում, պահանջում ենք, որ, նախ, կոմիտեն օգտագործի իր զենքերը, գործիքները՝ Ադրբեջանին պարտադրելու համար, որ կատարի դատական ակտերը:
Ըստ Արտակ Զեյնալյանի՝ Ադրբեջանը պարտավոր է ներկայացնել գործողությունների պլան, որը պետք է քննարկման առարկա դառնա նախարարների կոմիտեում: Նախաքննության, դատաքննության գործընթացներին, ի դեպ, պետք է ներգրավված լինեն նաև տուժողը կամ տուժողի իրավահաջորդները: Միջազգային հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը վստահեցնում է՝ այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում են միջազգային գործընկերների հետ:
Լիպարիտ Դրմեյան (Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար) - Հուսով եմ, որ մոտ օրերս համապատասխան արձագանք կունենանք այդ հարցի և, մասնավորապես, Մինասյանն ու Մուկուչյանն ընդդեմ Ադրբեջանի գործի հետ կապված:
Արտակ Զեյնալյանը կարևոր է համարում Եվրադատարանի՝ Ադրբեջանի դեմ կայացված վճիռները: Դրանք, ըստ նրա, ազդեցություն են ունենում Ադրբեջանի վարքագծի վրա:
Արտակ Զեյնալյան - Սարիբեկյանի գործից սկսած մինչև Խոջոյան՝ այդ վարքագիծը փոխվում է: Նախ փորձ արվեց հետքերը թաքցնելու նպատակով դին չտրամադրել, մինչև կքայքայվի և հնարավոր չլինի բացահայտել: Անմարդակային վերաբերմունքի մասով պնդումները Եվրադատարանում հանգեցրին նրան, որ հիմա բուժօգնություն է ցուցաբերվում վիրավոր զինծառայողներին, տեսանյութ է նկարահանվում, դրվում է համացանց: Սա՝ Եվրոպական դատարանի ապագա վարույթի նյութերն իրենց կողմից որպես հակափաստարկ ներկայացնելու համար:
Ստորագրված նոր արձանագրությամբ Եվրոպայի նախարարների կոմիտեն հիմա կարող է կրկին դիմել Եվրադատարան՝ այդ իրավունքների խախտման դեպքերը՝ որպես շարունակական խախտում, ևս մեկ անգամ քննելու համար: Ի դեպ, այս միջոցն առաջինը կիրառվել է Ադրբեջանի նկատմամբ: Գործը նոր քննության չի հասել, չկարողանալով այս անգամ խուսափել պատասխանատվությունից՝ Ադրբեջանը ազատ է արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներից մեկին: