Կրթական հաստատություններում դասերը կլինեն հեռավար, եթե ուսուցիչներն ու պրոֆեսորադասախոսական կազմը պատվաստված չլինեն:

Այսօր ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչ սահամանափակումներ կարող են լինել կարանտինի երկարաձգման և կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճի ժամանակ:

Ըստ նրա՝ ամեն ինչ պետք է հաշվի առնել, կանխելու կորոնավիրուսային հիվանդության տարածումը, քանի որ այն ազգային անվտանգության հարց է:

«Հաշվի առնելով, թե համավարակը ինչպիսի ազդեցություն է թողնում կրթական ոլորտի վրա, և որպեսզի մենք չունենանք համընդհանուր լոքդաուն, ապա պետք է ձեռնարկենք կանխարգելիչ միջոցներ, որից մեկը պատավաստումներն են, որոնք բաց են բոլոր մարդկանց համար և  անվճար են: Պետք է այս գործընթացին ակտիվ կերպով մասնակից դառնան բոլորը: Սահմանափակումներից մեկը կարող է հանդիսանալ այն, որ դասերը կլինեն օնլայն, եթե պրոֆեսորադասախոսական կազմը պատվաստված չլինի կորոնավիրուսային հիվանդության դեմ: Այսինքն՝ մենք, ըստ իրավիճակի, քաղաքականություն կորդեգրենք մեզ համար»,- ասաց Ավանեսյանը: Իսկ սպասարկման ոլորտում, ըստ Ավանեսյանի, եթե աշխատակիցները պատվաստած չլինեն, ստիպված կլինեն անընդհատ ՊՇՌ թեստ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) հանձնել:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը նշեց՝ ընտրությունների ժամանակ նախընտրական շրջանից հետո նկատվում էր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ, որը համապատասխան գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ զսպել. «Մենք կանխատեսում էինք աճը, բայց հարցը աճի չափն է, և այն գործողությունները, որոնք մենք ձեռնարկեցինք, որպեսզի զսպենք աճը: Ընտրությունների օրը, որը ենթադրում էր մարդկանց մեծ շարժ, բոլոր տեղամասերը հագեցած էին դիմակներով, ձեռքերի ախտահանիչ նյութերով, ես ինքս հետևելով գործընթացին պետք է ասեմ՝ դրա շնորհիվ մենք չունենք շեշտակի աճ այլ ունենք որոշակի աճ»,- հավելեց նա


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն