Կվերանորոգվի Արցախի Խրամորթ համայնքի դպրոցը
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի և Բելգիայում Արցախի հետ ֆրանսախոս բարեկամության խմբի համատեղ ջանքերով հատկացվել են անհրաժեշտ ֆինանսական միջոցները Արցախի Հանրապետության Ասկերան շրջանի Խրամորթ համայնքի միջնակարգ դպրոցի վերանորոգման համար:
Ինչպես հայտնեցին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից, կկատարվեն ներքին և արտաքին վերանորոգման աշխատանքներ, կկառուցվեն նոր սանհանգույց և ժամանակակից, տեխնիկապես հագեցած ճաշարան։ Կկահավորվեն և կարդիականացվեն դասասենյակներ՝ վերածվելով համագործակցային դասասենյակների։ Կտեղադրվի նոր ջեռուցման համակարգ։
Նախագիծը կիրականացվի «Երկարօրյա դպրոց» ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետության կառավարության հետ համագործակցաբար: Վերջին ամիսներին Խրամորթ գյուղում բնակություն են հաստատել նաև Հադրութի շրջանից ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տեղահանված ընտանիքներ:
«Երկարօրյա դպրոց» ծրագրի նպատակն է բարելավել միջնակարգ կրթության որակը Արցախում, հնարավորինս վերացնել ծնողների կողմից տնային աշխատանքի հարցում երեխաներին տրամադրվող օգության անհավասար պայմանները, ստեղծել շփվելու և աշխատանքի նոր հնարավորություններ, ապահովել որակյալ, հավասարակշռված սննդակարգ աշակերտների համար, հաղթահարել զարգացման անհավասարությունը գյուղական և քաղաքային վայրերի միջև և Արցախի շրջաններն ավելի հրապուրիչ դարձնել քաղաքային բնակավայրերի բնակչության համար։
Մեկնաբանելով այս նախաձեռնությունը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը հավելել է. «Ադրբեջանի կողմից պարտադրված այս կործանարար պատերազմից հետո կարևոր է բուժել Արցախի վերքերը: Հատկապես երեխաները խոցելի են նման իրավիճակում: Հուսով ենք, որ այս նախագիծը քայլ կլինի Արցախի երեխաների կրթության պայմանները բարելավելու և լուսավոր ապագա ապահովելու ուղղությամբ: Մեր պարտքն ենք համարում նպաստել դրան և շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ»։