Մակրոնը կոչ է անում վերադառնալ բանակցություններին
Ֆրանսիան Հայաստանին ու Ադրբեջանին լարվածության թուլացման և բանակցությունների վերսկսման կոչ է անում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից առաջ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Սահմանին իրավիճակը շարունակում է մնալ շատ վտանգավոր»,- կարծում է նախագահ Մակրոնը:
Նա ընդգծել է` Փարիզը համոզված է, որ ուժի կիրառումը չի կարող խնդրի լուծում դառնալ կողմերից ոչ մեկի համար, և որ երկխոսությունը պետք է անհապաղ վերսկսվի: Մակրոնը կրկին շեշտել է` բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով:
«Ես հանդարտության և բանակցությունների վերսկսման կոչ եմ անում»,- ասել է նա:
Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի հետ Փարիզում քննարկելու է հրադադարի ռեժիմի ամրապնդումը` Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրավիճակի նոր սրումից խուսափելու համար:
Մակրոնը նաև հայտնել է, որ առաջիկա ժամերին զրույց կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: