Քննարկվել է 2023թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ծախսային շրջանակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 2023թ. պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ծախսային շրջանակի վերաբերյալ:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդես է եկել զեկուցումով՝ նշելով, որ 2023թ. պետական բյուջեի նախագիծը ձևավորվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված՝ անվտանգային, տնտեսական և սոցիալական ոլորտների առաջնահերթությունների հիման վրա: Նախարարն անդրադարձել է մակրոտնտեսական ցուցանիշների և հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումներին, մանրամասներ ներկայացրել ոլորտային ծախսերի և ըստ գերատեսչությունների առաջարկվող չափաքանակների վերաբերյալ:
Ներկայացված նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են Կառավարության ծրագրով սահմանված կապիտալ և ընթացիկ ծախսերին, ծախսային նոր նախաձեռնություններին վերաբերող մի շարք հարցեր:
Վարչապետը հանձնարարել է պետական գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել ուշադրության կենտրոնում պահել կապիտալ ծախսերի պատշաճ կատարումը և մրցույթների հայտարարման գործընթացը: