ՄԱԿ-ի ԱԽ-ն ուրբաթ արտահերթ նիստ կանցկացնի «Հյուսիսային հոսքում» դիվերսիաների վերաբերյալ
«Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիաների հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստը նախատեսված է անցկացնել ուրբաթ՝ իր Տելեգրամ ալիքում հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Երկուշաբթի Եվրոպա ռուսական գազ արտահանող ռուսական երկու գազատարներում արտահոսք է սկսվել, և միաժամանակ 3 պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ Դանիայի և Շվեդիայի իշխանությունների՝ գազի երկու արտահոսք է հայտնաբերվել «Հյուսիսային հոսքում» և մեկը՝ «Հյուսիսային հոսք-2»-ում՝ Բորնհոլմ կղզու մոտակայքում։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառում դիվերսիաները։
Ռուսական կողմը Դանիայից պաշտոնապես տեղեկություն է խնդրել «Հյուսիսային հոսքում» արտակարգ իրավիճակի վերաբերյալ՝ դեպքի մասին հայտնի դառնալուն պես։ Գազի արտահոսքի վայրում պայթյունների մասին Դանիայի իշխանությունները ծանուցել են Ռուսաստանի Դաշնությանը։ «Հյուսիսային հոսքի» օպերատոր Nord Stream AG-ն հայտնել է, որ գազատարների վրա վթարն աննախադեպ է, և անհնար է գնահատել վերանորոգման ժամկետները։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է «Հյուսիսային հոսքի» արտահոսքի հետաքննության անհրաժեշտության մասին։ Այս մասին նա գրել է Թվիթերի իր միկրոբլոգում։ Նա անընդունելի է համարել եվրոպական էներգետիկ ենթակառուցվածքը խաթարելու ցանկացած փորձ և խոստացել է պատասխանել ամենավճռական միջոցներով։