Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի կազմավորման 73-րդ տարեդարձի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 73-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 73-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ձեր առաջնորդության ներքո Չինաստանը վերընթաց հաջողություններ է արձանագրել քաղաքական և սոցիալ-տնտեսական առաջընթացի, ինչպես նաև Ձեր երկրի միջազգային հեղինակության առավել ամրապնդման ուղղությամբ: Չինաստանի պես հուսալի գործընկերոջ հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու համագործակցության ընդլայնումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում առաջնահերթ կարևորություն ունեն Հայաստանի համար։
Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը շարունակելու համատեղ ջանքերով նպաստել մեր երկրների միջև փոխգործակցության առավել խորացմանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հաջողություն մաղթել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության գալիք 20-րդ համագումարի անցկացմանը և վստահաբար ընդգծել, որ այն անկյունաքարային նշանակություն կունենա Չինաստանի և չին ժողովրդի նվաճումների, հաջողությունների ամփոփման և ապագա մարտահրավերների հասցեագրման գործում։
Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարեկեցություն և խաղաղություն»։