Այլընտրանքային ներդրումներ Հայաստանում
Ինչպես գտնել ֆինանսական այլընտրանքային միջոցներ, որոնք հայաստանյան բիզնեսին հնարավորություն կտան ներգրավել կայուն և մատչելի կապիտալ: Այս գործն իրենց վրա են վերցրել մեր երկրում գործող վենչուրային ընկերությունները, ընտանեկան գրասենյակներն ու «բիզնես հրեշտակները»: Թեև վերջին տարիներին գրանցած հաջողություններին՝ այլընտրանքային կապիտալի շուկան Հայաստանում դեռևս թույլ զարգացած է և կազմում է մոտ 200 մլն դոլար:
Ալեքսանդր Շաղիկյան («Բի Դի Օ Արմենիա»-ի խորհրդատվական ծառայությունների ղեկավար) - Եթե մենք ունենք 10.7 մլրդ վարկային կապիտալ, 1.5 մլրդ պետական կորպորատիվ պարտատոմսեր թողարկած, 1.1 մլրդ կորպորատիվ պարտատոմսեր թողարկած, 650 մլն դոլար բաժնետոմսեր թողարկած արժեթղթերի շուկայում, հետևապես զգալի քիչ ա:
Իրականում հնարավորությունները մեծ են՝ ընդգծում է Շաղիկյանը: Այսօր Հայաստանում այլընտրանքային ֆինանսական միջոցների ներգրավման զգալի փորձ ունի Orion Worldwide Innovations Armenia կազմակերպությունը, որը միայն 2021 թվականին hայկական ստարտափներում 27 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել:
Դիանա Արզումանյան (Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր) - Նպատակը հայկական ծագում ունեցող ստարտափները ներդրումային դարձնելն է և դրանց աճի տեմպը արագացնելը, ինչպես նաև օգնել, որպեսզի ներգրավեն ներդրումներ:
Այլընտանքային ներդրումները լայն հնարավորություններ են ստեղծում հատկապես ստարտափների համար՝ ընդգծում է Դիանա Արզումանյանը: Ի տարբերություն տնտեսության ավանդական ոլորտների՝ տեխնոլոգիական ոլորտը շատ արագ է աճում և կարճ ժամանակահատվածում մեծ եկամտաբերություն ապահովում: Ընկերության տեսլականն է, որ առաջիկա հինգ տարում ունենան 10 միաեղջյուր, որոնք կմեծացնեն երկրի հարստությունը և տնտեսությունը: Միայն մեկ ստարտափ կարող է փոխել երկրի ընդհանուր ֆինանսատնտեսական միջավայրը: Էստոնիայի փորձը լավ օրինակ է:
Դիանա Արզումանյան - Երկրում ստեղծվեց առաջին բոլորիս կողմից շատ սիրված Սկայպը, և տեխնոլոգիական մեծ առաջընթաց ստեղծվեց, և ստեղծվեցին հարյուրավոր ներդրումային ընկերություններ:
Այսօր աշխարհում միլիարդավոր դոլարների այլընտրանքային միջոցներ կան, որոնք ներդրումային լավագույն միջավայրերի փնտրտուքի մեջ են, և այդ իմաստով Հայաստանը ևս դիտարկվողների շարքում է:
Դիանա Արզումանյան - Պետությունը ևս վերջին տարիներին շատ հետաքրքրված է և մեծ ռեսուրսներ է ներդնում նշված ոլորտին, իրականացվում են հարկային արտոնություններ, և Կառավարության մակարդակով մեծ ուշադրություն է դարձվում:
Հիմա ամենալավ ժամանակն է Հայաստանում նոր ներդրումներ ներգրավելու համար: Տեղեկատվական տեխնոլոգիաներից բացի, հնարավոր է ներդրումներ ներգրավել նաև այլ ոլորտներում՝ համոզված է «Բի Դի Օ Արմենիա» ընկերության խորհրդատվական ծառայությունների ղեկավարը:
Ալեքսանդր Շաղիկյան - Հնարավորությունները ոլորտային առումով շատ բազմազան են՝ սկսած էներգետիկայի ոլորտից, արևային էներգիա, հարակից ոլորտներ, առողջապահության ոլորտում, որտեղ էական բարեփոխումներ անել՝ հենց ներգրավելով մասնավոր կապիտալ:
Հայաստանում այլընտրանքային ներդրումներ ներգրավելու նպատակով նոյեմբերի 8-ին և 9-ին Երևանում տեղի կունենա միջազգային ֆինանսական համաժողով, որին կմասնակցեն ներդրողներ, վենչուրային ընկերությունների, ընտանեկան գրասենյակների, ֆինանսական կառույցների, մասնավոր և պետական հատվածի ներկայացուցիչներ:
Կներկայացվի նաև զարգացման ճանապարհային քարտեզը:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան