Այսօր Սուրբ թարգմանչաց վարդապետների տոնն է։ Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է:

Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Նրանք, իրենց անմահ գործով, գրերի գյուտով և Աստվածաշունչ Մատյանի թարգմանությամբ, հանդիսացան հայ ժողովրդի հոգևոր վերածնության ռահվիրաները: Թեև իրականում այդ մարդիկ շատ-շատ են, սակայն հայոց տոնացույցում հիշատակվում են միայն Մեսրոպ Մաշտոցը, Եղիշեն, Մովսես Քերթողը (Մովսես Խորենացին), Դավիթ Անհաղթը, Գրիգոր Նարեկացին ու Ներսես Կլայեցին, այսինքն՝ Շնորհալին: 



Գրերի գյուտից հետո Ս. Մեսրոպը, Ս. Սահակ Պարթևն ու նրանց բազմաթիվ աշակերտներ սկսում են հայ գրերը տարածել ամբողջ Հայաստանով մեկ՝ բացելով նոր հայրենախոս դպրոցներ, նաև եռանդուն կերպով լցվում եկեղեցու հայրերի գրվածքների հունարենից և ասորենից թարգմանության գործին: Աստծո օրհնությամբ և օգնությամբ կարճ ժամանակում ահռելի քանակությամբ գրականություն է թարգմանվում հայերեն՝ չհաշված Աստվածաշունչն ու ծիսական մատյանները: Ուստի մեսրոպյան շրջանը հետագայում իրավամբ ստացել է հայոց ոսկեդար անվանումը:

Մեծ էր արդյունքը թարգմանչական-մշակութային այս շարժումի: Եկեղեցու արարողությունները ստանում են նոր շքեղություն ու փայլ: Ամեն կողմից, հրապարակներում, փողոցներում թե տներում, մեծերի և փոքրերի շուրթերից լսվում են սաղմոսներ, երգեր ու շարականներ՝ հայերեն լեզվով:

Ղազար Փարպեցին այսպես է նկարագրում այդ տեսարանը. «Պայծառացան եկեղեցիները, սրբերի վկայարանները, ծաղկեց Աստվածաշնչի ուսումը: Թարգմանիչները՝ մշտաբուխ վտակների նման՝ հորդում էին իրենց մեկնաբանությունները: Մարգարեական խորհրդավոր խոսքերը լուսաբանելով՝ մեղրի խորիսխից ավելի քաղցր հոգևոր խորտիկներով լցված սեղաններ էին դնում ամբողջ ժողովրդի առաջ…Հայոց բովանդակ աշխարհը լցվեց Տիրոջ գիտությամբ….»:

Սուրբ Գրքի քարոզչությամբ Թարգմանիչները բացեցին նաև մեր ժողովրդի հոգևոր աչքերը: Աստվածաշնչում գրված է, որ երբ առաջին մարդիկ մեղք գործեցին, բացվեցին նրանց աչքերը, և նրանք հասկացան, որ մերկ են (Ծննդ. 3.6-7): Եկեղեցական մեծանուն հեղինակներից Որոգինեսն ասում է, որ մեղքից հետո բացվեցին առաջին մարդկանց մարմնական աչքերը, և փակվեցին հոգևոր աչքերը:

Իսկ Թարգմանիչները, Սուրբ Գրքի հրաշալի և ամբողջական գանձերը մատուցելով, Աստվածաշնչի խրատներով սովորեցրին նորադարձ հայ ժողովրդին մաքրել սրտերը հեթանոսական մեղքերից և հոգու աչքերով տեսնել ճանապարհը ճշմարիտ աստվածպաշտության, ըստ այն խոսքի, թե` երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն (Մատթ. 5.8):


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն