Ջրականում, Ակնայում, Թալիշում կանգնած հայ զինվորը պաշտպանում էր Հայաստանում ապրող հայի հանգիստը. Տարոն Սիմոնյան
Հուսով եմ՝ որոշ «հարմարվող» ուղեղներ գոնե հիմա հասկանում են, որ Ջրականում, Ակնայում, Թալիշում կանգնած հայ զինվորը պաշտպանում էր Հայաստանի ցանկացած այլ քաղաքում ապրող հայի հանգիստը, եւ որ Արցախը Հայաստանի Հանրապետության անվտանգության առանցքային հենքն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Պատերազմը չի ավարտվել եւ չի էլ ավարտվելու այս տարածաշրջանում։ Վերջին 5000 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ կեղծ են բոլոր խաղաղասիրական հույսերը։
Խաղաղություն չեն աղերսում, այն պարտադրում են։ Եվ պարտադրում են ներքին համերաշխությամբ, ուժեղ պետությամբ ու ուժեղ բանակով։
Իսկ այդ ամենը լինում է, երբ գիտելիքը չեն արհամարհում, իսկ տգիտությունը արմատախիլ են անում, ոչ թե բարձրացնում պաշտամունքի մակարդակ ...
Հա, մեկ էլ նորից ասեմ, որ եթե մենք չենք օգտագործում մեր ձեռքում առկա հնարավորությունները (հողի վրա եւ միջազգային հարթակներում)՝ մեր արժանապատվոիթյունը պաշտպանելու համար, ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու ...»