Ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու հարցերում. Ալեն Սիմոնյանը՝ ռուս գործընկերներին
Եռօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով հայ խորհրդարանականները հոկտեմբերի 11-ին հանդիպել են Պետական դումայի «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ:
«Մենք հիմա շատ անհանգիստ ժամանակներում ենք ապրում, ինչն անմիջական ազդեցություն է ունենում երկրների ու ժողովուրդների վրա»,-հանդիպման սկզբում նշել է ՀՀ ԱԺ նախագահը՝ ասելով, որ ռուս գործընկերներից ակնկալում է արդյունավետ եւ անկեղծ համագործակցություն անվտանգային եւ տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու հարցերում:
Հանդիպումն ընթացել է բարեկամական մթնոլորտում: Ռուս գործընկերները մատնանշել են համատեղ նախագծերի հաջող իրականացման փաստը, մասնավորապես, բարձր է գնահատվել միջխորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցությունը:
Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ սահմանում ադրբեջանական ԶՈւ-ն երեկ կրկին հրաձգություն է իրականացրել: Հայկական կողմը ռուս գործընկերներին է փոխանցել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկ առողջարանային քաղաքում ստեղծված իրավիճակը, ենթակառուցվածքներին հասցված վնասները:
«Մենք` որպես իշխող կուսակցություն, պատրաստակամ ենք ձեր բարձրացրած հարցերի շուրջ տարբեր ձեւաչափերի քննարկումներ եւ խորհրդակցություններ անցկացնել»,-նշել է խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլեւը:
Քննարկվել են Ռուսաստանում ապրող հայերի կենսագործունեությանն առնչվող հարցեր:
Երեկ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել էր ՌԴ ԴԺ Պետական դումայի «ՌԴ կոմունիստական կուսակցություն» (КПРФ), «Նոր մարդիկ» («Новые люди»), «Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» («Справедливая Россия-за правду») եւ Լիբերալ-դեմոկրատական (ЛДПР) կուսակցությունների ներկայացուցիչների հետ: