Նախարարի չլինելով չի կարող նախարարություն կազմալուծվել, մի ամբողջ պետական մեքենա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով նրան, որ տեւական ժամանակ Հայաստանը չունի ԱԳ նախարար, հրաժարական են տվել նաեւ փոխնախարարները։ «Իհարկե, ավելի արդյունավետ կլիներ, եթե նախարարն ու փոխնախարարները մնային ու պաշտոնավարեին մինչեւ վերջ եւ աշխատանքը փոխանցեին հաջորդ նախարարին։ Շատ ցավալի ու անհասկանալի է, որ իրենք դիմել են այդ քայլին, բայց ինչպես տեսնում եք, այդ աշխատանքը մասամբ իր վրա ՝ վերցրել վարչապետի աշխատակազմը եւ վարչապետը։ Դուք տեսաք, որ այս շրջանում թե ամերիկյան կողմի հետ, թե ռուսական կողմի հետ, թե եվրոպացի մեր գործընկերների հետ վարչապետի մակարդակով շփումները շարունակվում են նույն ինտենսիվությամբ։ Հույս ունեմ, որ պատշաճ ժամկետներում նախարարն ու փոծխնախարարները կնշանակվեն եւ աշխատանքը կվերադառնա իր բնականոն հուն»,-ասաց Եղոյանը։

Դիտարկմանը, որ Հայաստանն այսօր ունի գերիների հարց եւ ԱԳ նախարարի ու փոխնախարարների բացակայությունը հնարավոր է բացասաբար ազդի այդ գործընթացի վրա, ԱԺ պատգամավորն ասաց․ «Ես չգիտեմ՝ նախարարի չլինելը որքանով է անդրադարձել կամ չի անդրադարձել, բայց անկախ նախարարի լինել-չլինելու հանգամանքից, ես ուզում եմ նշել, որ երկու խումբ գերիներ այս ընթացքում վերադարձել են։ Առաջինը ամերիկյան կողմի միջնորդությամբ, երկրորդը ռուսական կողմի միջնորդությամբ։ Ես հույս ունեմ, որ այս աշխատանքը կշարունակվի, առավելեւս կառավարության ձեւավորումից եւ նախարարների նշանակումից հետո»։ Հարցին, թե կա՞ արդեն որոշում, թե ով է լինելու ԱԳ նախարար, նա պատասխանեց․ «Այդ որոշումը կայացնում է վարչապետը եւ այդ հարցի հասցեատերը նա է կամ իր մամուլի ծառայությունը»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն