ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում և Զապորոժիեում անցկացված հանրաքվեները դատապարտող բանաձև է ընդունել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով դատապարտում է Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում և Զապորոժիեում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեների անցկացումը։
Բանաձևի օգտին է քվեարկել 193 երկրից 143-ը, դեմ՝ 5-ը, մասնավորապես՝ Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սիրիան և Ռուսաստանը, ևս 35 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, ձեռնպահ է մնացել։
Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը:
«Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պահպանումը» բանաձևի նախագիծն արժանացել է պատվիրակների աջակցությանը, չնայած Ռուսաստանի փորձերին՝ արգելափակելու այս գործընթացը»,- նշել է նա։
Ռուսական կողմը նույնպես արձագանքել է: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ընդգծել է, որ հակառուսական բանաձևի քվեարկության արդյունքը հետընթաց է համաշխարհային դիվանագիտության համար։