Տասը խոշոր հարկատուներից երկուսը հանքարդյունաբերական ընկերություններ են․ «Գեոպրոմայնինգ»-ը զիջել է դիրքերը
Աշխարհաքաղաքական զարգացումներն ու համաշխարհային շուկայում տիրող իրավիճակն իրենց ազդեցությունն են թողել նաև հազար խոշոր հարկատուների վճարած հարկերի վրա։
Ռուս-ուկրաինական պատերազմով ու Հայաստան այցելուների թվի աճով պայմանավորված՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունն այս տարվա ինն ամիսներին մոտ երեք անգամ ավելի շատ հարկ է վճարել․ անցյալ տարվա 3 մլրդ դրամի փոխարեն՝ ավելի քան 9 մլրդ դրամ։ «Գեոպրոմայնինգ»-ընկերությունն էլ, որ վերջին շրջանում ընդգրկված էր հազար խոշոր հարկատուների առաջին տասնյակում, այս տարի զիջել է դիրքերը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գազպրոմ Արմենիա», «Գրանդ Տոբակո»․ սա հազար խոշոր հարկատուների առաջին եռյակն է։ են 2022–ի ինն ամիսներին այս ընկերություններն են ամենաշատ հարկերը վճարել։ Այս տարվա սեպտեմբերին 2021-ի համեմատ հազար խոշոր հարկատուները 32 տոկոսով ավելի շատ հարկ են վճարել՝ ավելի քան 1 տրիլիոն դրամ։ Ցուցակում ներառված առաջին հարյուր հարկատուներն այս տարի վճարել են 650 մլրդ դրամի հարկ, 2021-ին հարկային եկամուտները կազմել են 470 մլրդ դրամ։ Տնտեսագետ Արմեն Քթոյանը նկատում է՝ առաջին տասնյակում ներառված ընկերությունները մոտ 100 մլրդ դրամով ավելի շատ հարկ են վճարել․
«Համեմատաբար ամենափոքր ընկերությունները վճարել են 20 մլրդ դրամի հարկ, 2021-ին վերջին հարյուրյակում ներառված ընկերությունները վճարել էին 15 մլրդ դրամի հարկ, 2020-ին՝ 12 մլրդ դրամ»։
Հայաստանի ամենախոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է՝ 130 մլրդ դրամ վճարած հարկերով։ 2021–ին այս ընկերության վճարած հարկերը կազմում էին 42 մլրդ դրամ։ Անցյալ տարվա սեպտեմբերին բացահայտ, 2022-ի մարտին՝ գաղտնի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը փոխանցվել են Հայաստանի կառավարությանը։ Հանքարդյունաբերական հսկայի բաժնետոմսերի նախ 15%-ը նվիրվեց կառավարությանը, ապա ևս 6,875 տոկոսը։ Ինչո՞ւ գաղտնի՝ վարչապետն է մանրամասնում։
«2022 թ. մարտի 24-ին մենք որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6.8 տոկոս: Այն ժամանակ նվիրատվությունը որոշվել է գաղտնի, քանի որ նվիրատուն բիզնես գաղտնիությունը պահպանելու խնդիր է ունեցել»:
Այժմ ընկերության բաժնեմասը կառավարում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամը»՝ ԱՆԻՖ-ը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը բացատրում է, թե ինչով է դա պայմանավորված։
«ԱՆԻՖ-ը 100 տոկոս պետական սեփականության առևտրային կազմակերպություն է, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական ակտիվներում պետության որպես սեփականատեր արդյունավետ ներկայացուցչությունն է»։
Փորձագետները նաև այս փոփոխություններով են բացատրում Զանգեզուրի կոմբինատի հարկային եկամուտների ավելացումը։ Բացի այդ, տնտեսագետ Արմեն Քթոյանը հիշեցնում է․
«Այստեղ որոշակի դերակատարում ունի այն, որ նույն ԶՊԿ ուներ չվճարված պարտավորություն, այն արձանագրվեց, այստեղ նաև դա է արտացոլված»։
Վերջին տարիներին Հայաստանի արտահանման 30-40%-ը բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը։ Համախառն ներքին արդյունքի 6-10%–ը հանքարդյունաբերական արտադրանքն է։ Առաջին տասնյակում է ներառված նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Այս ընկերության վճարած հարկերի ծավալը նույնպես ավելացել է՝ 2021-ի 3․3 մլրդ դրամի փոխարեն՝ 12 մլրդ դրամ։ Հատկանշական է, որ այս անգամ խոշոր հարկատուների առաջին տասնյակում մշտապես գտնվող «Գեոպրոմայնինգ» ընկերությունն այս տարի հայտնվել է 19-րդ տեղում։
Սոթքի ոսկու հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ»-ը 2021-ին հազար խոշոր հարկատուների ցանկում հինգերորդն էր՝ վճարած 20.8 մլրդ դրամ հարկով։ 44-օրյա պատերազմից հետոհանքի մի մասը հայտնվել է Ադրբեջանիվերահսկողության տակ։ Վերջին շրջանում հանքավայրը պարբերաբար դադարեցնում է աշխատանքները։
Ռուս–ուկրաինական պատերազմով ու վերջին ամիսներին Հայաստան այցելուների մեծ ներհոսքով պայմանավորված մի քանի անգամ ավելի հարկ է վճարել նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերություն։ Այն այժմ 15-րդ հորիզոնականում է՝ 8․8 մլրդ դրամ՝ անցած տարվա 3 մլրդ-ի փոխարեն։
Ընդհանուր առմամբ հազար խոշոր հարկատուների ցանկում ներառված ընկերություններից 188-ն այս տարի մեկ մլրդ դրամից ավելի հարկ է վճարել, մինչդեռ 2021-ին դրանց թիվը 150 էր, 2020-ին՝ 130։
Տնտեսագետ Արմեն Քթոյանը ընդգծում է՝ ցանկում ներառված ընկերությունների 1/3-ը կես մլրդ դրամ հարկ վճարողներ են, մինչդեռ 2020-ին այդպիսի 250 հարկատու կար։ 62 հարկատու այս տարվա ինն ամիսներին վճարել է 200 մլն դրամից պակաս հարկ, 2021–ին նրանց թիվը 262 էր․
«Բացի այն, ո ր 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալն է ավելացել, կա նաև որոշակի համամասնությունների ավելացում, խոշորացման միտում»։
Հարկատեսակների մասով նույնպես դրական միտումներ են արձանագրվել։ Ուղղակի հարկերի՝ շահութահարկի, եկամտային հարկի մասնաբաժինը կազմել է 31 տոկոս, 2021-ին այն 24 տոկոս էր կազմում։ 135 ընկերություն այս հունվար սեպտեմբերին 200 մլն դրամից ավելի շահութահարկ է վճարել, 2021–ին՝ այդ ընկերությունների թիվը 100-ից պակաս էր։ 204 ընկերություն ավելի քան 200 մլն դրամ եկամտային հարկ է վճարել, 2021-ին 180 նման ընկերություն կար։ 2018-21 թթ առաջին հարյուրյակում ներառված միջին վիճակագրական հարկատուն վճարել է 4․2-․4․7 մլրդ դրամի հարկ։ Տնտեսագետն այս տարի որակական տեղաշարժ է նկատում․
«Հարյուրյակի միջին վիճակագրական հարկատուն վճարել է 6․5 մլրդ դրամի հարկ, 2021-ին՝ 4․7 մլդր դրամ էր։ Այստեղ բոլոր հարկատեսակների մասով ավելացում կա։ Հարյուրյակի 2021-ին միջին վիճակագրական հարկատուն վճարել էր 600 մլն դրամի շահութահարկ, այս տարի՝ մոտավորապես 1 մլրդ դրամի։ Եթե ԱԱՀ-ն վճարել էր մոտ 20 մլդր դրամ ՝ 2021-ին,այս տարի՝ 400 մլն դրամով ավելի է»։
Ցանկում ներառված ընկերությունների 83 տոկոսը, այսինքն՝ առնվազն 800-ը գրանցված է Երևանում։ Այս տարվա ինն ամսում մայրքաղաքում գրանցված ընկերությունների 73 տոկոսն է ապահովել հարկային մուտքերը։ Հազար խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս փորձագետները Երևանում գրանցված հարկատուների որոշակի նվազում են արձանագրել։ Բայց գերկենտրոնացվածությունը դեռևս շարունակվում է։