Ըմբշամարտին սիրահարված Ռոման եւ Մալխաս Ամոյանները
Ռոման Ամոյանն անմոռանալի ու հաղթական պահեր շատ է պարգեւել ըմբշամարտի սիրահարներին: Նրան հաջողվել է իր ժամանակի ամենաճանաչված ու սիրելի մարզիկներից մեկը դառնալ: Թեեւ 2016-ին ավարտել է կարիերան, բայց շարունակում է սերտ կապված լինել սպորտին:
Հիմա նա իր զարմիկի` երիտասարդների Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանի կողքին է, օգնում է իր խորհուրդներով ու գիտելիքներով:
Mediamax Sport-ն այս անգամ հենց նրանց էլ հանդիպել է, խոսել ըմբշամարտի նկատմամբ մեծ սիրո, իրար օգնելու ու սպորտում հաջողությունների հասնելու մասին:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ռոման. Մալխասը 2-3 տարեկան էր, երբ ես ու ավագ եղբայրս՝ Ազատը, մարզումներից հետո գալիս էինք տուն, նա հագնում էր մեր համազգեստն ու բարձի հետ սկսում «պարապմունքներ» անել: Հիշում եմ, իբր հնարք էր անում, հետո հարցնում, թե ով հաղթեց, ես ջղայնացնելու համար ասում էի՝ բարձը, սկսում էր ժամերով լացել: Շատ հետաքրքիր երեխա էր, այդ տարիքից էլ կամային ու նպատակասլաց էր, երեւում էր սպորտային բնավորությունը: Երբ մրցաշարերից վերադառնում էի, մեդալս ու դափնեպսակս անպայման իր վիզն էի գցում:
Մալխաս. Ըմբշամարտի նկատմամբ սերը հորեղբայրներիցս է փոխանցվել ինձ: 3 տարեկանից Ռոմանի մարզումներին էի գնում, թեեւ անընդհատ խանգարում էի նրան: Ամեն օր հարցնում էի, թե երբ եմ պրոֆեսիոնալ ըմբշամարտով զբաղվելու, անհամբերությամբ սպասում էի: Արդեն 5 տարեկանից նայում էի հորեղբորս մրցումները ու բոլոր մրցակիցներին գիտեի: Տանը նրա համազգեստներն էի հագնում, կանգնում բազմոցին ու ինձ պատվոհարթակի առաջին աստիճանին պատկերացնում, կարծես իմ պատվին հիմն էր հնչում:
Ռոման. Իմ հաղթանակներով Մալխասն ապրում էր: Միշտ պատկերացնում էր, թե երբ է գալու ժամանակը, որ ինքն էլ կդառնա բարձրակարգ մարզիկ: Շատ փոքր հասակից է մարզվել, ինչը չի թույլատրվում ըմբշամարտում: Մեր տունն անտառին մոտ էր, դահլիճից բացի առավոտյան նաեւ այնտեղ էինք գնում մարզվելու: Մալխասն էլ 4 տարեկան էր ու վազելով գալիս էր մեզ հետ ու սկսում աշխատել: Եթե անկեղծ լինեմ, ինձ թվում էր, որ երեխա է, պարզապես էներգիան է ծախսում, բայց մի քանի տարի անց հասկացա, որ նա պրոֆեսիոնալ ըմբիշ Մալխաս Ամոյանն է, որն այսօր ճիշտ ուղու վրա է:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մալխաս. 6 տարեկանից սկսել եմ ինքս մարզվել: Առաջին քայլերս արել եմ «Դինամո» մարզական կազմակերպությունում Համլետ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ինձ մարզել է մյուս հորեղբայրս` Ազատ Ամոյանը, ինչպես նաեւ Արսեն Մակվեցյանը: Իմ սպորտային կյանքում շատ մեծ ներդրում ունի Ռոմանը, նա ամեն քայլափոխի կողքիս է ու օգնում է իր գիտելիքներով ու խորհուրդներով: Երբ հորեղբայրս հետս է, ինձ ավելի վստահ եմ զգում, սխալներս նա ավելի լավ է տեսնում:
Տանը բոլորն էլ լավ են վերաբերվում ըմբշամարտին, միայն մայրս չի կարողանում ելույթներս նայել: Վնասվածքներս, անգամ ամենաաննշանները, ծանր է տանում: Քույրս է միշտ պատմում, թե մրցումների ժամանակ ինչ ապրումներ է ունենում: Ամեն հաղթանակից հետո ուրախությունից արտասվում է: Ընտանիքում փոքր եղբայր ու հորեղբոր որդիներ էլ ունեմ, բոլորն էլ ասես ծնվել են ըմբշամարտի համար:
Ռոման. Միանշանակ, գեներն իրենց խոսքն ասում են: Ըմբշամարտը քեռիներիցս անցել է ինձ ու եղբորս, հիմա Մալխասն է շարունակում: Եղբայրս ինձ չէր տանում մարզման, որովհետեւ փոքր էի, թեթեւ, ասում էին, սա քո սպորտաձեւը չէ: Բայց ես համառորեն պնդեցի, կամաց-կամաց համոզվեցին, որ կարող եմ հասնել ինչ-որ բանի: Համառությամբ առաջ է գնում նաեւ Մալխասը:
Ես շատ եմ սիրում սպորտը, մանավանդ ըմբշամարտը, բայց չէի պատկերացնում, որ Մալխասն էլ կարող է այդքան անսահման սիրել: Ինքն իմ ու մեր հավաքականի մյուս անդամների ցանկացած մրցակցի ավելի լավ էր ճանաչում, գիտեր՝ ով ինչ հնարքի է տիրապետում, ինչից է ուժեղ կամ թույլ: Եղել են դեպքեր, երբ մրցումներից առաջ ինձ ասել է, թե այսինչ մրցակցին ուշադիր լինեմ, կամ գոտեմարտելուց առաջ ինչին ուշադրություն դարձնեմ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մալխաս. Ռոմանի գոտեմարտերը դիտելով ու ուսումնասիրելով եմ մեծացել: Այնպիսի մրցաշար չկա, որ չհիշեմ: 2005 թվականից մինչեւ կարիերայի ավարտը կարող եմ թվարկել նրա մրցակիցներին ու հանդիպումների հաշիվը: Բայց դրանից ամենատպավորիչը երեքն են, երբ 2006-ի Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ չեմպիոն դարձավ: Հաջորդը 2011-ին էր կրկին ԵԱ-ում, երբ նրան հաջողվեց նորից հաղթող հռչակվել, մրցակիցներին ոչ մի միավոր չտալ ու մրցաշարի լավագույն ըմբիշ ճանաչվել:
Բայց ամենայուրահատուկը 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալն է, այնպիսի տպավորություն էր, որ ես եմ Ռոմանի տեղը գոտեմարտում: Այդ ժամանակ 9 տարեկան էի, բայց շատ լավ եմ հիշում ամեն ինչ, հարեւաններով ու բարեկամներով հավաքվել էինք ու երկրպագում էինք նրան:
Ռոման. Երբ ես երեխա էի, Արմեն Նազարյանը, Վաղինակ Գալստյանը, Կարեն Մնացականյանը գալիս էին մեզ մոտ պարապելու, այնքան էի ուրախանում, որ Օլիմպիական ու Աշխարհի չեմպիոնների հետ նույն դահլիճում եմ: Իսկ եթե հանկարծ մեկը հնարք է ցույց տալիս, աննկարագրելի պահ էր լինում ինձ համար: Այն հարգանքը, որն ունեցել եմ ըմբշամարտի եւ բոլոր մարդկանց նկատմամբ, այսօր պահում է Մալխասը: Հույս ունեմ, որ որպես մարզիկ դեռ շատ ասելիք է ունենալու միջազգային գորգերում ու ուրախացնելու է մեր երկրին:
Մալխաս. Վերջերս կայացած Եվրոպայի առաջնությունում շատ վստահ էի ինձ զգում, 2 ամիս առաջ միջազգային մրցաշարում 2-րդ տեղն էի գրավել: Ռուս մարզիկին եզրափակչում զիջելուց հետո մեջս կարծես մի բան էր փոխվել: Միայն մարզումների, քնելու ու ռեժիմս պահելու մասին էի մտածում: Տեսա, թե ճիշտ աշխատելու դեպքում արդյունքն ինչպես է լինում: Եվրոպայի առաջնություններում ինչ-որ բան խանգարում էր հաղթել, բայց այս անգամ ամեն ինչ ստացվեց:
Ռոման. Հաղթանակներն այս ԵԱ-ում հեշտ չտրվեցին: Վիճակահանությունով Մալխասն ամենաուժեղների հետ էր ընկել: Երբ դուրս եկավ եզրափակիչ, արդեն գիտեինք, որ չեմպիոն է դառնալու: Շատ ուրախ եմ, որ գրագետ գոտեմարտեր վարեց:
Ես զգում եմ, որ նա ամիս առ ամիս աճում է, ճիշտ է հասկանում մարզիչների ասածները, աշխատում է իր վրա: Մարզիկը պետք է հավատա իրեն, ճիշտ ու շատ աշխատի, այս ամենը Մալխասի մոտ կա, արդյունքները դա ցույց են տալիս:
Մալխաս. Ռոմանը թեեւ շատ բարի է, բայց նաեւ խիստ է իմ հանդեպ, գիտի ամեն քայլափոխիս մասին, տեղյակ է, թե ինչ եմ անում ու ուր գնում: Եթե նրա հսկողության տակ չլինեի, այս արդյունքներին չէի հասնի: Միշտ խորհուրդ է տալիս նախ լավ մարդ լինել ու օգնել մյուսներին, առանց դրանց հնարավոր չէ հաջողության հասնել: Իր ընկերներին էլ ինչով կարողանում է աջակցում է ու իր ուժերի սահմաններում օգտակար լինում: Առաջին հերթին սուտ խոսել չի սիրում:
Հորեղբայրս ասում է, որ բոլոր տվյալներն ունեմ, մնում է լսեմ մարզիչներին, լավ աշխատեմ ու ցանկանամ նպատակներիս հասնել: Ամոյան ազգանունը ըմբշամարտում միշտ կմնա, փոքր եղբայրներս էլ այդ մասին հոգ կտանեն: Մենք սպորտն առանց Ամոյանների չենք թողնի:
Ռոման. Ըմբշամարտն ինձ համար ամեն ինչ է, իմ կյանքն է: Այն ինձ տվել է ընկերներ, սեր, հավատ, մարդկանց ճանաչելու փորձ, հեղինակություն, շրջապատ: Ինչ ունեմ, հենց սպորտն է տվել: Եղել են անարդարություններ, բայց չեմ կոտրվել ու մտածել եմ առաջ գնալու մասին: Հիասթափությունները մարզիչներիս շնորհիվ եմ հաղթահարել:
Շատ ուրախ եմ, որ Մալխասը հաջողություններ է գրանցում, անսահման մեծ հպարտություն է, որ նա առաջ է տանում նաեւ մեր ազգանունը, որը շարունակում է բարձր լինել սպորտային աշխարհում:
Մալխաս. Ռոմանն Աշխարհի ու Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր չի դարձել: Միշտ կատակով ասում է, որ այդ մեդալներից 2 հատ պետք է նվաճեմ` ամեն մեկիս համար մեկական: Եթե ինձ հաջողվի ունենալ դրանք, առաջինը հենց հորեղբորս կտամ, հետո ինձ համար կնվաճեմ:
Ռոման. Խոստովանում եմ, որ ինձ համար ավելի հեշտ էր գոտեմարտելը, քան կողքից հետեւելը: Ես միշտ ասում եմ մարզիչներին, որ իրենց աշխատանքն ահռելի է, նրանք պետք է լավ գնահատվեն: Գորգի վրա բարեկամ չկա, Մալխասը մարզիկ է ու մոտեցումներն էլ բարեկամական լինել չեն կարող:
Մալխասի ելույթից առաջ ես հուզվում եմ, լարվում, մրցավարական պահերի մասին մտածում: Ասում եմ, տեսնես ոնց քնեց, ոնց է տրամադրվում: Բնականաբար, անհանգիստ սպասում եմ գոտեմարտի արդյունքին, բայց ես ճանաչում եմ իրեն ու գիտեմ, որ խելացի, գրագետ մարզիկ է, ինչն օգնում է գորգում: Երբ գոտեմարտը սկսվում է, շատ մարզիկներ ամբողջովին մտնում են դրա մեջ ու չեն լսում մարզիչների ասածները: Մալխասն այդպիսին չէ, նա կարողանում է զգոնությունը չկորցնել ու լսել մեզ:
Մալխաս. Մեր սպորտային ուղին 2 անգամ ենք անցնում, ես Ռոմանի հետ եմ ամեն ինչ վերապրել, նա` ինձ: Մրցումների ժամանակ չեմ զգում, թե որքան է անհանգստանում ինձ համար, սթրես ապրում: Միասին գոտեմարտերը նայելիս այնքան ենք ծիծաղում, այնպիսի բաներ է անում, որ ինքն էլ չի հիշում` մրցավարների վրա է բղավում, ժեստեր անում: Նման դեպքերում չեմ կարող չհաղթել:
Ռոման. Երբ ես հաղթում էի, այդ պահին բան չէի զգում: Բայց երբ գալիս էի Հայաստան, ժողովուրդը դիմավորում էր, քաղաքում բոլորը շնորհավորում էին, մեծ ուրախություն ու հպարտություն էի զգում, որ ազգ կա մեջքիս կանգնած: Ես ներկայացրել եմ եւ հայերին, եւ եզդիներին, այնպես որ, կրկնակի պատասխանատու էր ամեն ինչ:
Մալխասի հաղթելուց հետո աշխարհն իմն է լինում, դա աննկարագրելի է, ես շատ եմ ուրախանում:
Մալխաս. Առաջին միջազգային մրցումս 2013 թվականին է եղել Վրաստանում, պարտվեցի ու մեդալ չնվաճեցի: Դրանից հետո էլի մրցաշարերի էի մասնակցում ու պարտություններ կրում: Հետո սկսեցի 5-րդ ու 3-րդ տեղեր գրավել ու վերջապես ստացվեց նաեւ հաղթող դառնալ: Պարտություններ են եղել, 1-2 ամիս չեմ կարողացել ինձ հավաքել, որ մյուս մրցաշարերին պատրաստվեմ: Ավելի ուշ եմ հասկացել, որ դրանց վրա չպետք է կենտրոնանալ, այլ միայն աշխատել սխալներն ուղղելու համար:
Բայց Ռոմանի պարտություններն էլ ավելի ծանր եմ տարել: 2007-ին պետք է ԵԱ-ին մասնակցեր, ուսի վնասվածք ստացավ ու վիրահատության ենթարկվեց: Տանը միայնակ էինք, նրան գրկել ու լացում էի, ասում էի` բա ինչ է լինելու: Միշտ ոգեւորում էի նրան ու ասում, որ ամենաուժեղն է: Նա չհանձնվեց, մարզվեց ու հաջորդ իսկ տարին Օլիմպիական խաղերից մեդալով վերադարձավ:
Ռոման. Մալխասի հաջողությունները բոլորինն են, նրա անձնական ու հավաքականի մարզիչներինը, մյուս ըմբիշներինը, բոլոր այն մարդկանցը, ովքեր տարբեր հարցերում օգնել են նրան:
Մալխաս. Հորեղբայրս է, բայց նա ինձ փոքր եղբոր պես է վերաբերվում, պարապմունքների ժամանակ մարզիչ է, հետո`ընկեր: Նրանից միշտ ամաչում եմ, դա, երեւի, մեծ հարգանքից է: Իրար հետ ելույթ ունենալու առիթ չենք ունեցել, բայց Գերմանիայում նույն ակումբն ենք ներկայացնում: Մեզ հետ է նաեւ Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Արսենն իմ ամենամոտ ընկերներից է, շատ զվարճալի պահեր ենք ունեցել Գերմանիայում: Ռոմանի մարզիչների դերում մենք ենք հանդես գալիս, հետո նայում ենք նկարներն ու ուրախանում:
Ռոման. Մեր նպատակն այն է, որ Մալխասն աշխարհահռչակ մարզիկ լինի, նվաճի բոլոր այն տիտղոսները, որոնք ինձ չեն հաջողվել: Միշտ ասում եմ՝ ինչ հաղթում ես երկու հատ պետք է լինի՝ իմ ու քո տեղը:
Մալխաս. Ամեն ինչ կանեմ, որ նրա սպասելիքներն արդարացնեմ: 20 տարեկանում Ռոմանն էլ իմ պես երիտասարդների ԱԱ-ի հաղթող էր դարձել, բայց նաեւ 2003-ի մեծահասակների ԵԱ-ի արծաթե մեդալ ուներ, իսկ ես դեռ մեծերի մրցումների չեմ մասնակցել: Պետք է ձգտեմ նորանոր նվաճումների, բայց արդեն մեծահասակների գորգում: Դրանց հասնելու համար տքնաջան կաշխատեմ:
Ամոյանների հետ զրուցել են Գոհար Նալբանդյանն ու Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի