Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում դիտարկեց կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները՝ Սոթք բնակավայրի ֆերմերային տնտեսություններից մեկում:

Ինչպես մարզպետն է գրում ֆեյսբուքի իր էջում, տնտեսության ղեկավարի ներկայացմամբ՝ բերքահավաքի համար կան բավարար տեխնիկական միջոցներ եւ բանվորական ուժ, եւ խաղաղ պայմանների ապահովման, ինչպես նաեւ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում դրանք ավարտի կհասցվեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում։

Տնտեսության ղեկավարը միաժամանակ ներկայացրել է կարտոֆիլի պահեստներում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով խափանված էներգամատակարարման վերականգնման հետ կապված խնդիրը եւ աջակցություն է խնդրել աշնանացանի համար սերմացուների ձեռքբերման ու մի շարք այլ հարցերում։

«Ադրբեջանական ագրեսիան շատ կողմերով խաթարեց մեր կենսագործունեությունը նաեւ գյուղատնտեսության ոլորտում։ Կիսատ մնացին ոռոգման աշխատանքները կարտոֆիլի դաշտերում, թշնամական սպառնալիքի պատճառով որոշակիորեն ձգձգվեցին նաեւ բերքահավաքի աշխատանքները։

Հիմա գոհացուցիչ է, որ բերքահավաքն ընթանում է, որ բավարար տեխնիկա եւ մարդուժ է ներգրավված բերքահավաքի աշխատանքներում։

Մեր հնարավորության սահմաններում կփորձենք օգնել ու աջակցել տնտեսություններին, որպեսզի բերքը հավաքվի անկորուստ ու ժամանակին, որպեսզի աշնանացանը հնարավորինս շատ հեկտարների վրա կատարվի, եւ որ այս ծանր վիճակը մեր սահմանամերձ համայնքների տնտեսությունները հաղթահարել կարողանան նվազագույն վնասներով»,- գրել է Գեղարքունիքի մարզպետը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն