Բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ. Միրզոյան
Այսօր իմ լավ բարեկամ պարոն Աբդոլլահիանի հետ գոհունակությամբ արձանագրել ենք, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունները, որոնք հիմնված են ոչ միայն մեր ժողովուրդների հազարամյա բարեկամության և եղբայրության, այլև մեր ընդհանուր պետական բնական շահերի խոր ըմբռնման վրա, հետևողականորեն խորանում են տարբեր ոլորտներում: Այդ մասին ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մեր քննարկումների առանցքային թեման տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող իրավիճակն էր: Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների հետ կապված մանրամասները:
Բնականաբար, անդրադարձել եմ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մանրամասներին և հետևանքներին: Վերահաստատել եմ ադրբեջանական ԶՈՒ-ի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման և հայրենադարձման, բռնի անհետացումների զոհերի ճակատագրերի պարզաբանման և հրադադարի ռեժիմի պահպանման հրամայականը:
Մենք համակարծիք ենք, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը: Մենք բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված իրանական կողմի ջանքերը»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Նա հայտնեց, որ Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակող հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր և պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքերով հարստացնել հայ-իրանական օրակարգը:
Երկու երկրների արգործնախարարները մտքեր են փոխանակել նաև առևտրի, էներգետիկայի տրանսպորտի, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում առկա համագործակցությանը նոր լիցք հաղորդելու հեռանկարների վերաբերյալ, անդրադարձել համատեղ տնտեսական մեծ ծրագրերը շարունակելու և ավարտին հասցնելու թեմային:
«Հատուկ նշանակություն ենք տալիս ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում Իրանի հետ կապերի ամրապնդմանը, և այս առումով պետք է ընդգծել Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի իրագործման կարևորությունը, որը կարող է ընդգրկել նաև այլ շահառու և հետաքրքրված կողմեր, երկրներ»,- ասաց Միրզոյանը: