Զբոսաշրջային ծառայությունների որակը Հայաստանում կբարձրանա նոր մակարդակի: Զբոսաշրջության կոմիտեում այս նպատակով մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել ոլորտը կարգավորող օրենքների նախագծերի նոր փաթեթը: Այն կփոխարինի մոտ 20 տարի առաջ ընդունված և գործող օրենքին: Փաթեթը մշակողների խոսքով՝ իրավակարգավորումն առաջին հերթին ուղղված է սպառողների իրավունքների պաշտպանությանը: Այն կավելացնի պետության լծակները ծառայություն մատուցելուց առաջ պայմանագրի կնքման ընթացակարգում:

Անահիտ Մկրտչյան (ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ) - Եթե զբոսաշրջային օպերատորը կամ գործակալը սահմանված պահանջների համապատասխան չկնքի պայմանագիրը, մենք որևէ վերահսկողություն դրա նկատմամբ չունենք:

Փաթեթի ընդունման դեպքում զբոսաշրջային օպերատորները, գործակալները, հյուրանոցային ծառայություններ մատուցողները, զբոսավարները և ուղեկցորդները պարտավոր կլինեն ծանուցել գործունեություն իրականացնելուց առաջ: Անահիտ Մկրտչյանը վստահ է՝ կարգավորումը հավասար մրցակցային հնարավորություններ կապահովի ծառայություն մատուցողների համար:

Անահիտ Մկրտչյան - Չի լինելու այնպես, որ ինչ-որ ծառայություն մատուցող, առանց պետական գրանցում ունենալու, ավելի հարմարավետ պայմաններում աշխատի, ի տարբերություն մյուս տուրօպերատորի, որն ունենալով պետական գրանցում, հարկեր վճարելով, աշխատակիցներ ունենալով, շատ որակյալ ծառայություններ է մատուցում:

Առաջարկվող փոփոխություններն ուղղված չեն որևէ մեկին շուկայից դուրս թողնելուն կամ ծառայություն մատուցողի գործունեությունն արգելելուն՝ նշում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը: Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ եթե նախագիծն օրենքի ուժ ստանա, հյուրանոցներն այլևս չեն կարողանա կեղծ աստղեր փակցնել՝ իրական որակավորման ստանդարտների փոխարեն:

Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ) - Եթե դու չունես այդ կարգը, խնդրում ենք՝ մի՛ խաբիր սպառողին, մի՛ օգտագործիր այն որակավորման կարգի նշանները, որոնք չես ստացել և չունես: Եթե դու խախտում անես, օգտագործես այդ նշանները, դրանով քո երկրի, մյուս գործընկերների իմիջի վրա բացասական ազդեցություն ունենաս, այդ դեպքում, համաձայն այդ օրենքի, կկասեցվի ձեր գործունեությունը:

Զբոսավարներին և ուղեկցորդներին նույնպես նոր կարգավորումները չեն շրջանցի. նման ծառայություն մատուցելու համար այլևս բավարար չի լինի մասնավոր դասընթացի վկայականը:

Անահիտ Մկրտչյան - Զբոսավարները և ուղեկցորդները կվերապատրաստվեն և պարտադիր որակավորում կանցնեն:

Մեխակ Ապրեսյան - Այս մեխանիզմները միտված են բոլորին հավասար դաշտ բերելուն: Մենք ասում ենք՝ բոլորս հավասար պետք է լինենք օրենքի առաջ, բոլորս պետք է ենթարկվենք օրենքով նախատեսված պայմաններին, պահանջներին:

2022 թվականի առաջին 7 ամսին Հայաստան է այցելել շուրջ 770 հազար զբոսաշրջիկ, որոնցից միայն 189 հազարը՝ հուլիսին: Ոլորտի մասնագետները վստահ են՝ օրենսդրական նոր կարգավորումները կնպաստեն զբոսաշրջիկների թվի աճին՝ առավել գրավիչ դարձնելով մեր երկիրը համաշխարհային շուկայում:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն