Դուրս գալ անդունդից և դառնալ Եվրոպայի չեմպիոն. Իտալիայի հավաքականը Եվրոպայի առաջնության գավաթը տարավ Հռոմ
Անգլիացի երկրպագուները, ինչպես ամեն մի խոշոր մրցաշարից առաջ, այս անգամ ևս երգում էին It’s coming home, ու երբեք վերջին 55 տարիների ընթացքում նրանց սիրելի հավաքականն այսքան մոտ չէր եղել խոշոր միջազգային մրցաշար հաղթելուն:
Հուլիսի 11-ը իսկական սպորտային օր էր: Այն սկսվեց դեռևս գիշերը, երբ Հարավային Ամերկայում դեռ հուլիսի 10-ն էր, իսկ Երևանում՝ ուշ գիշեր՝ ժամը 4-ը: Կոպա Ամերիկայի եզրափակիչում Մեսսին ու թիմակիցները հաղթեցին Բրազիլիային, Մեսսին իր կարիերայում առաջին անգամ տիտղոս նվաճեց հավաքականի հե, ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու և լավագույն ֆուտբոլիստ ու մեծ քայլ կատարեց դեպի իր 6-րդ Ոսկե գնդակը: Այդ խաղին հաջորդեց խառը մենամարտերի տարվա ամենասպաված մարտերից մեկը. UFC 264 եզրափակչում իռլանդացի լեգենդար Քոնոր Մաքգրեգորի վերադարձը ութանկյուն նորից ձախողվեց. նա պարտվեց Դասթին Պորյեին նոկաուտով:
Սպորտային օրը շարունակվեց Լոնդոնում, որտեղ ցերեկը թենիսի Ուիմբլդոնի հեղինակավոր մրցաշարի եզրափակչում սերբ Նովակ Ջոկովիչը հանդիպեց իտալացի Մատեո Բերետինիին: Դա իտալացիների օրվա առաջին եզրափակիչն էր Լոնդոնում, որտեղ, ճիշտ է, հաղթելու շանսերը մեծ չէին: Ջոկովիչը զիջեց առաջին սեթը, բայց հաղթեց հաջորդ երեքը և Մեծ Սաղավարտի իր 20-րդ տիտղոսը նվաճեց՝ այդ ցուցանիշով հավասարվելով իր հավերժ մրցակիցներին՝ Ռոջեր Ֆեդերերին և Ռաֆայել Նադալին:
Իսկ սպորտային օրվա իդեալական ավարտը պետք է դրվեր Ուիմբլդոնի կենտրոնական կորտից 21 կմ հեռավորության վրա՝ լեգենդար Ուեմբլի ստադիոնում, որտեղ Եվրոպայի առաջնության եզրափակչում Անգլիան հանդիպելու էր Իտալիային:
Անգլիացիների ինքնավստահությունը փուլից ուլ ավելանում էր: Ամեն ինչ իդեալական էր դասավորվել նրանց համար. մրցաշարի 7 խաղերից 6-ը նրանք անցկացրին Ուեմբլիում, միայն քառորդ եզրափակչի Ուկրաինայի հետ խաղի համար ստիպված մեկնեցին Հռոմ:
Մրցաշարային ցանցը շատ հեշտ էր, Գերմանիայի հավաքականին 1/8 եզրափակչում հաղթելուց հետո ճանապարհը դեպի եզրափակիչ բաց էր: Այդ ամենի հետևում պարզապես մոռացության էր մատնվում այն, որ եզրափակչում նրանց մրցակիցը Իտալիայի հավաքականն էր, որը դժվարին ճանապարհ հաղթահարելով, Բելգիայի և Իսպանիայի հավաքականներին պայքարից դուրս թողնելով, հասել էր եզրափակիչ ու խաղային առումով շատ ավելի հաճելի տպավորություն էր թողնում, քան Գարեթ Սաութգեյթի թիմը: Անգլիացիների վստահությունը բազմապատկվեց, երբ խաղի արդեն երկրորդ րոպեին Լյուկ Շոուն բացեց հաշիվը: Սակայն դրանից հետո անգլիացիներն անցան խուլ պաշտպանության՝ դաշտի կենտրոնն ամբողջությամբ զիջելով իտալացիներին ու բոլոր 11 ֆուտբոլիստներով մտնելով սեփական կիսադաշտ:
Անգլիայի հավաքականին շատերն էին առաջնության ընթացքում մեղադրում պրագմատիկ ֆուտբոլ խաղալու մեջ: Սաութգեյթն իր առջը մեկ նպատակ էր դրել. հաղթել մրցաշարն ամեն գնով՝ չնայելով խաղի որակին: Իտալիան, հակառակը, նման չէր նախորդ տարիների Սկուադրա Աձուրային: Ռոբերտո Մանչինիի թիմը տիրում էր գնդակին, խաղում էր հարձակողական ֆուտբոլ, երկրորդ կեսում էլ մարզչի ճիշտ փոխարինումների շնորհիվ կարողացավ գտնել դեպի Անգլիայի հավաքականի դարպասը տանող ճանապարհը: Ի վերջո, հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին իտալացիները: Հետաքրքիր է, որ անգլիացիների կազմում վրիպեցին փոխարինման դուրս եկած 3 ֆուտբոլիստները, ընդ որում, նրանցից երկուսը՝ Մարկուս Ռեշֆորդն ու Ջեյդոն Սանչոն դաշտ էին դուրս եկել լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին՝ հենց 11 մետրանոցներն իրացնելու համար: 1996թ.-ին Անգլիայի հավաքականի նույն Ուեմբլիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 11 մետրանոցներով պարտվեց Գերմանիային, ու վճռական 11 մետրանոցը անգլիացիների կազմում չկարողացավ անվրեպ իրացնել Գարեթ Սաութգեյթը: Մարզչի համար 11 մետրանոցները դառնում են իսկական չարիք. Ռեշֆորդի, Սանչոյի և 19-ամյա Սակայի վրիպումներում ավելի մեծ է հենց Սաութգեյթի մեղավորությունը:
Վերափոխված Իտալիան
Անգլիայի մասին խոսակցությունները շատ են, թե՛ խաղից առաջ, թե՛ խաղից հետո, սակայն Եվրո-2020-ի իսկական հերոսները իտալացիներն են: Երբ Իտալիայի հավաքականը ձախողեց 2018թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլը, թվում էր՝ իտալական ֆուտբոլը խորը անդունդում է, որից դեռ երկար տարիներ չի կարողանա դուրս գալ, սակայն Ապենինյան թերակղզում հերթական անգամ ապացուցեցին, որ մարզչի ընտրությունը շատ կարևոր է: Քչերն էին հավատում, որ Ռոբերտո Մանչինին կարճ ժամանակում կկարողանա հեղափոխություն անել: Ավանդաբար ուժեղ պաշտպանություն ունեցող Իտալիան Մանչինիի գլխավորությամբ դարձավ հարձակմանը միտված թիմ, որը սիրում է գնդակ պահել ու կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ: Դրան գումարած՝ պաշտպանների ու դարպասապահի բարձր կարգը, և Իտալիան կարճ ժամանակում դարձավ անպարտելի հավաքական: Իտալիայի հավաքականի հեղափոխության վառը օրինակը 2019թ.-ին Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած 9-1 հաշվով հաղթանակն էր: Հայ ֆուտբոլասերների համար, իհարկե, ցավալի է հիշել այդ խաղը, որին թիմը մոտեցել էր հոգեբանական ոչ լավ վիճակում: Սովորաբար Իտալիայի հավաքակնաը նման խաղերում 2-3 գոլ խփելով բավարարվում էր ու անցնում հանգիստ ռեժիմի, սակայն Մանչինիի թիմը կարծես գոլերի ծարավ լիներ: Մինչդեռ Երևանում նույն այդ թիմի հետ Հայաստանի հավաքականը գրեթե հավասար խաղ էր ցուցադրում:
Իտալիայի հավաքականը վերածնվեց, փոխեց խաղային փիլիսոփայությունը, և 53 տարի անց նորից կարողացավ նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Հուսանք՝ ֆուտբոլային հաջորդ խոշոր իրադարձության ժամանակ աիռթ կլինի խոսել ոչ միայն Իտալիայի, Բրազիլիայի, Արգենտինայի ու Ֆրանսիայի, այլև Հայաստանի հավաքականի մասին: Ֆուտբոլային մեկ ամիսն ավարտվեց, հիմա սպասում ենք սեպտեմբերին, երբ արդեն ցավալու և աջակցելու ենք Հայաստանի հավաքականին: