«Ոչ ոք ՀԱՊԿ երկրներում ԱՄՆ ռազմական օբյեկտների հայտնվելու հայտ չի ներկայացրել». Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ՀԱՊԿ երկրների տարածքում ԱՄՆ ռազմաբազաների կամ ռազմական նշանակության այլ օբյեկտների հայտնվելը, ըստ համաձայնագրի, կազմակերպության շրջանակներում հաստատում կպահանջեր, ոչ ոք նման հայտ չի ներկայացրել, գրում է ՏԱՍՍ-ը:
«ՀԱՊԿ ցանկացած անդամի տարածքում օտարերկրյա ռազմական անձնակազմի ներկայության վերաբերյալ բոլոր հարցերը, համաձայն կանոնադրության, ենթակա են համաձայնեցման այս շրջանակներում: Ակնհայտ է, որ այս երկրներից ոչ մեկը ՀԱՊԿ-ին չի դիմել համապատասխան խորհրդատվություն անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ»,-ասել է ՌԴ գլխավոր դիվանագետը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նոր ռազմական օբյեկտների ի հայտ գալը Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում հակասում է տարածաշրջանի անվտանգության շահերին:
«Չեմ կարծում, որ անվտանգության շահերից բխում է ԱՄՆ նոր ռազմակայաններ ունենալ Կենտրոնական Ասիայում», - ասել է Լավրովը՝ մեկնաբանելով The Wall Street Journal-ի այն հրապարակումը, ըստ որի՝ Միացյալ Նահանգները կարող է զորքերն Աֆղանստանից Կենտրոնական Ասիա տեղափոխել: