Արարատ Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը
Հոկտեմբերի 25-ին Հռոմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի Ինքնիշխան Ուխտի Մեծ կանցլեր (ԱԳ նախարար) Ռիկարդո Պատեռնո Դի Մոնտեկուպոյին։
Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Մալթայի Ինքնիշխան Ուխտի միջև երկկողմ հարաբերությունները հիմնված են վաղեմի պատմական կապերի և քրիստոնեական նույնակունք արժեքների վրա՝ պատրաստակամություն հայտնելով առավել խորացնել տարբեր ոլորտներում հաստատված համագործակցությունը:
ԱԳ նախարարը և Մեծ կանցլերը քննարկել են Հայաստանում Ուխտի կողմից հումանիտար աջակցության և առողջապահության բնագավառներում իրականացված ծրագրերն ու այս ոլորտներում համագործակցության հետագա խորացումը:
Զրուցակիցները նաև անդրադարձել են մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին և այս ուղղությամբ միասնական քայլեր կատարելու հնարավորություններին:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի խնդիրների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
Անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ագրեսիաների հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված պատերազմական հանցագործություններին՝ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքը։ Միաժամանակ արձանագրվել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանման կարևորությունը: