Ընդդիմության հավաքին և՞ս ոստիկանությունը վարչական ռեսուրս է կիրառել․ փոխոստիկանապետը՝ ընդդիմությանը
Սահմանադրական դատարանում ընդդիմության դիմումի քննարկման ժամանակ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն անդրադարձավ ընդդիմադիրների այն մեղադրանքներին, թե ոստիկանության ուժերի օգտագործմամբ իշխանությունը վարչական ռեսուրս է կիրառել նախընտարակն փուլում։
Ըստ Ֆիդանյանի՝ Ոստիկանության ծառայողներն իրականացրել են բացառապես օրենքով սահմանված հանրային վայրերում հասարակական կարգի պահպանությունն ապահովելու իրենց լիազորությունը։
«Ոստիկանությունը մշտապես ցուցաբերել է հավասարակշռված մոտեցում բոլոր կուսակցությունների և խմբակցություների առումով։ Մասնավորապես, 2021 հունիսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել ընտրություններին մասնակից կուսակցություններից մեկի հանրահավաքը, որի ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու անվտանգություն ապահովելու նպատակով ծառայության էր ներգրավվել մոտ 700 ոստիկան։ Այստեղ ձեզ մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ հանրահավաքը սպասարկվել է ոստիկանական մեծաթիվ ուժերով, և օգտագործվել է վարչական ռեսուրս, ինչպես պնդում են դիմումում։ Պետք է խնդրեմ չշտապել գնահատական տալուց։ Հաջորդ օրը միևնույն վայրում անցկացվել է մեկ այլ հանրահավաք՝ այլ քաղաքական ուժի կողմից։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ուժի մասին է խոսքս։ Եվ ի՞նչ եք կարծում, որքա՞ն ուժ է ներգրավվել այս անգամ ոստիկանության կողմից։ Այո, կրկին մոտ 700 ծառայող։ Ի՞նչ է ստացվում, այս անգամ ևս ոստիկանությունը վարչական ռեսո՞ւրս է կիրառել։ Հետևությունները թողնում եմ ձեր դատին»,- ասաց Արա Ֆիդանյանը։