Ես հաստատել եմ մասնակցությունս Սոչիի եռակողմ հանդիպմանը. Նիկոլ Փաշինյան
Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից առկա է հրավեր հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում, և ես հաստատել եմ իմ մասնակցությունը: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, արձագանքելով ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անկեղծ ասած՝ տեղեկություն չունեմ՝ ադրբեջանական կողմը հաստատե՞լ է մասնակցությունը, թե՞ ոչ»,- ասաց վարչապետը:
Խոսելով հանդիպումից ակնկալիքների մասին՝ վարչապետը նշեց. «Կարծում եմ՝ վերջին անգամ այդ ֆորմատով եռակողմ հանդիպում տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին, և կարծում եմ՝ ամենակարևոր ակնկալիքները կապված են այս ընթացքում տեղի ունենցած իրադարձությունների գնահատականի և մեկնաբանության հետ. ընդ որում՝ ավելի հետ կարող եմ գնալ, հասնել մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն:
Եվ կարծում եմ, որ շատ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ մտքերի փոխանակում, պարզաբանումներ, հարցադրումներ պետք է հնչեն, այդ հարցերի օրակարգը ձեզ հայտնի է՝ սկսած ԼՂ-ում կայունության և անվտանգության ապահովման գործից:
Դուք տեղյակ եք, որ այս տարվա մարտին ադրբեջանական ԶՈՒ-երը ներխուժել էին ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի, և չեմ թաքցրել, որ մեզ համար այդքան էլ հասկանալի չէ խաղաղապահների կողմից արձագանքի բացակայությունը, և, ըստ էության, ինչ միջոցներ են ձեռնարկել այդ գործառույթներն իրականացնելու համար:
Գիտեք, որ ի հեճուկս եռակողմ աշխատանքային խմբում հնչած, ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում, ընդ որում՝ ոչ միայն ադրբեջանական կողմից: Ռուսաստանում էլ ինչ-որ անհասկանալի մարդիկ կան, ովքեր փորձում են այդ նարատիվը զարգացնել ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրած փաստաթղթերի և ի հեճուկս ՌԴ ԱԳ նախարարության կողմից արված հայտարարությունների, ի հեճուկս ՌԴ փոխվարչապետի արած հայտարարությունների, և շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ, կարծում եմ, շատ էական և ակտիվ քննարկում պետք է տեղի ունենա»:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախորդ տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությանը, ընդգծեց, որ այդ հայտարարության մեջ գրվում էր, որ կողմերը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ և գործը հասցնել սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկին:
«Այդ ժամանակ մենք, այդ հայտարարության տեքստի վրա հիմնվելով, ասում էինք, որ նախ՝ պետք է անվտանգության միջոցառումները, մեխանիզմները ստեղծել, հետո միայն խոսել դելիմիտացիայի գործընթացի մեկնարկի մասին, և այն ժամանակ մեր մի շարք գործընկերներ, այդ թվում՝ ՌԴ-ի մեր գործընկերները, ասում էին, որ դելիմիտացիայի հանձնաժողովի գործունեությունն ինքնին անվտանգության մեխանիզմ կլինի: Մենք այն ժամանակ չէինք կիսում այդ տեսակետը, բայց որոշեցինք ճկունության ցուցաբերել՝ փակուղի չմտցնելու համար գործընթացը, բայց նաև դելիմիտացիայի հանձնաժողովի ձևավորումից հետո տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ի ագրեսիան, և, անկեղծ ասած, ինձ համար անհասկանալի է, որ այն գործընկերները, որոնք այն ժամանակ ասում էին, որ դելիմիտացիայի հանձնաժողովի ձևավորումը անվտանգության նաև մեխանիզմ է, սեպտեմբերի 13-ի ագրեսիայի նկատմամբ միչև օրս հստակ քաղաքական դիրքորոշում չեն արտահայտել: Սրանք հարցեր են, որ, իհարկե, պատրաստվում եմ քննարկել, այդ թվում՝ ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման ֆորմատում»,- ասաց Փաշինյանը: