Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մեկնարկը տրված է Պետական օրհներգի հնչյունների ներքո:

Գագաթնաժողովի գլխավոր նպատակն է հզորացնել Հայաստանի Հանրապետությունը, միաժամանակ համաշխարհային հայկական սփյուռքը՝ սահմանելով փոխշահավետ քաղաքականություն և ծրագրեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ` տարածաշրջանային և համաշխարհային գլոբալ մարտահրավերների պայմաններում Հայկական գագաթնաժողովի անցկացումը տեղին և անհրաժեշտ է. աշխարհասփյուռ հայությունը մեծ ներուժ է, և նման սփյուռք ունեցող երկիրը պետք է չունենա այն խնդիրները, որոնք հիմա ծառացած են Հայաստանի առջև:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը տեղի է ունենում մի պայմաններում, երբ աշխարհը, տարածաշրջանը, նույնիսկ ինքներս մեր մասին պատկերացումները սասանվել են, փլուզվել: Մեր առաջարկն ու պատկերացումն է ոչ թե մնալ այդ փլատակների տակ, այլ ՀՀ-ն դարձնել նոր պատկերացումների, նոր երազանքների, մոտեցումների, զարգացման հարթակ, առանցքում ունենալ ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստան:

Գագաթնաժողովի մասնակիցները սահմանելու են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առաջնահերթությունները, հայկական պետության դերն ու պարտականությունները և մշակելու են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ճանապարհային քարտեզ: Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարի գնահատմամբ` գագաթնաժողովը կարևոր հարթակ է համահայկական խնդիրները քննարկելու, լուծման առաջարկներ մշակելու համար:

Համաշխարհային հայկական գագաթնաժողովն, իր հնչեղ անվանը համապատասխան, պետք է մեկ տեղում միավորի աշխարհասփյուռ հայությանը: Ազգային ժողովի նախագահը, սփյուռքին դիմելով, նշում է` 2020-ի պատերազմից հետո, նոր մարտահրավերների պարագայում, անհրաժեշտ է առաջնահերթություն տալ ազգությանը:

Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության, հզոր պետականության կերտման ու ամրապնդման կարևորությունը շեշտեց Արցախի նախագահը: Արայիկ Հարությունյանի ուղերձը համախմբումն է ազգային ու պետական շահի շուրջ:

Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Այսօր ՀՀ կառավարության ջանքերով Արցախը մեծ դժվարությամբ փորձում է ոտքի կանգնել, ամոքել վերքերը, սակայն սպառնացող վտանգները չեն չեզոքացել, ավելին, սպառնում են Մայր Հայաստանին. պետք է միավորվել ազգային ու պետական շահի շուրջ:

Համաշխարհային հայկական գագաթնաժողովին ավելի քան 50 երկրից 600 մասնակից կա: Երեք օրվա ընթացքում կանցկացվի 10 պանելային քննարկում, 15 սեկցիոն նիստ, 2 հանդիպում` ազատ ձևաչափով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն