Պետք է ուղիներ փնտրել՝ լուծելու դեռ չկարգավորված հարցերը. Սոչիում տեղի է ունեցել Պուտին-Ալիև հանդիպումը
Տեղի է ունեցել Պուտին-Ալիև հանդիպումը: ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Սոչի այցելելու համար: Պուտինը կարևորել է այն հանգամանքը, որ հանդիպումը կազմակերպվել է Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ:
«Այս հանդիպման նպատակը 2020 և 2021 թվականներին մեր ձեռք բերած բոլոր պայմանավորվածությունների կատարման ապահովումն է։ Դուք բազմիցս նշել եք, որ Ռուսաստանը նշանակալի, կարևոր դեր է խաղացել հակամարտության կարգավորման գործում։ Եվ հիմա մեր խաղաղապահ զորակազմն իր առաքելությունն իրականացնում է այնպես, ինչպես պետք է։ Ես շնորհակալ եմ այս գնահատականների համար»,- նշել է Պուտինը:
ՌԴ նախագահը կարևորել է նաև դեռևս չկարգավորված հարցերի լուծման ուղիներ փնտրելը:
«Անհրաժեշտ է խոսել այն իրավիճակի մասին, որն այսօր ստեղծվել է, ուղիներ փնտրել՝ լուծելու դեռ չկարգավորված հարցերը։ Այս առումով կառանձնացնեի նաև տնտեսական բնույթի մի կարևոր բաղադրիչ՝ մենք ստեղծել ենք եռակողմ աշխատանքային խումբ, որը գլխավորում են փոխվարչապետները։ Նրանք բավական առաջ են գնացել այն հարցերի լուծման առումով, որոնց մասին մենք խոսում էինք դեռ երկու տարի առաջ։ Այստեղ էլ, ըստ երևույթին, անհրաժեշտ է լրացուցիչ թափ հաղորդել։ Ես գիտեմ, որ ադրբեջանական կողմն այս ուղղությամբ բավականին ակտիվ է աշխատում։ Հարցերի շրջանակը բավականին մեծ է»,- ասել է նախագահ Պուտինը։