Հիմնական ծախսերը՝ սոցիալական ու պաշտպանական ոլորտներում․ ԱԺ-ում քննարկում են 2023թ․ բյուջեի նախագիծը
Եկամուտները՝ շուրջ 2 տրլն 300 մլրդ, ծախսերը՝ 2 տրլն 590 մլրդ դրամ, պակասուրդը՝ 300 միլիարդ, ծախսային ամենամեծ ուղղությունները՝ սոցիալական ու պաշտպանական ոլորտներ։ Խորհրդարանական հանձնաժողովները սկսել են 2023-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Գործադիրը նախատեսում է, որ հաջորդ տարվա ընթացքում պետական պարտքը կնվազի՝ մոտենալով ՀՆԱ-ի 50 տոկոսին։ Այս ցուցանիշին հասնելուն կնպաստի նաև դրամի արժևորումը։ 2023-ի համար կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճ է նախատեսում։
Թեպետ կառավարությունը հաջորդ տարվա համար նախատեսել է 7 տոկոս տնտեսական աճ, սակայն ԿԲ-ի կանխատեսմամբ՝ տնտեսական աճն ավելի փոքր կլինի։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ հանձնաժողովներում մեկնարկած բյուջետային քննարկումների մեկնարկին հստակեցրեց, որ ԿԲ-ն այս տարվա համար 12.9 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, իսկ հաջորդ տարվա համար՝ 4.5 տոկոս:
«Մյուս տարի տնտեսական աճի ցուցանիշը կլինի ավելի ցածր, քան Կառավարության կողմից կանխատեսված 7 տոկոսն է: Մենք ակնկալում ենք 4.5 տոկոսի չափով, որովհետև այս տարվա աճն է բավականին բարձր եղել»։
ԿԲ նախագահի խոսքով՝ 10 տոկոսին մոտեցող գնաճը պայմանավորված է պարենի միջազգային գների բարձրացմամբ։ Հաջորդ տարվա ընթացքում կառավարությունը գների նվազում է ակնկալում։ Ֆինանսների նախարաըը նկատում է՝ եթե չլիներ դրամի արժևորման որոշակիորեն զսպող ազդեցությունը, ապա գնաճն ավելի բարձր կլիներ։
ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի բնորոշմամբ՝ 2023-ին կառավարությունը սոցիալական ծախսերը կբարձրացնի զգուշորեն, որպեսզի թոշակների և աշխատավարձերի բարձրացումից հետո այլ ծախսեր չեղարկելու անհրաժեշտություն չառաջանա։ Ուղղորդողը միջնաժամկետ ֆինանսական հնարավորություններն են՝ ասում է նախարարը։
Հաջորդ տարվա ընթացքում սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն 648 մլրդ դրամ, ինչը 10 տոկոսով ավելի է 2022-ի ցուցանիշից։
«Կապահովեն ՀՆԱ-ի նկատմամբ 7 տոկոս մակարդակ՝ պահպանելով 2022 թվականի ցուցանիշը՝ հարաբերական իմաստով, այսինքն, բացարձակ առումով զգալի աճ արձանագրելով, ՀՆԱ-ի նկատմամբ կգտնվեն նույն մակարդակի վրա»։
Ընդհանուր առմամբ, պետբյուջեի եկամուտները կկազմեն մոտ 2 տրլն 300 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 2 տրլն 590 մլրդ դրամ։ Երկու ցուցանիշն էլ նախորդ տարվա համեմատ աճել են շուրջ 18 տոկոսով։ ֆինանսների նախարարի խոսքով՝ ծախսերի առյուծի բաժինը կկատարվի հարկային մուտքերի հաշվին։ Դրանք կկազմեն շուրջ 2 տրլն 204 մլրդ դրամ, ինչը 15 տոկոսով գերազանցում է 2022-ի ցուցանիշը։ Այլ եկամուտները կկազմեն մոտ 80, իսկ դրամաշնորհները՝ 17 մլրդ դրամ։ Խաչատրյանի խոսքով՝ գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով նախատեսվում է ապահովել Համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական պարտքի զգալի բարելավում։
«Որքան պարտքը և պարտքի սպասարկումը գտնվում են հուսալի միջավայրում, այնքան մեր բոլոր անելիքները միջնաժամկետ հատվածում ավելի մեծ երաշխավորվածությամբ կարող են իրականացվել այն ծավալներով, որոնք նախատեսված են։ Հայտնի է, որ անորոշությունները շատ են, և այս տարվա միջավայրը դրա վկայությունն է։ Մենք պետք է հաշվի առնենք բոլոր հնարավոր զարգացումները, որպեսզի պարտքը կառավարենք այնպիսի եղանակով, որ դրանք միջնաժամկետ հատվածում չստեղծեն Կառավարության անելիքների իրականացման ռիսկեր»։
Արտաքին պարտքի կշիռը ՀՆԱ-ում նվազելու է՝ նաև դրամի արժևորմամբ պայմանավորված ։ Արտարժույթով վերցված պարտքերը դրամային արտահայտությամբ ավելի մեծ գումար են կազմում՝ փոքրացնելով պարտքի ընդանուր ծավալը:
2021-ին պարտքը համախառն ներքին արդյունքի 60,տոկոսից ավելին էր՝ հիշեցնում է ֆինանսների նախարարը։
«Կառավարության գործունեության ծրագրի ժամանակահատվածում պետք է հասնենք նրան, որ այդ ցուցանիշը չլինի ավելի բարձր, քան համախառն ներքին արդյունքի 50 տոկոսն է»։
Ֆինանսների նախարարի փոխանցմամբ՝ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերն էապես կաճեն և դրանց հանրագումարը կկազմի 548 միլիարդ դրամ։ Սա 49 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
«Այսպիսով` կապիտալ ծախսերը կհասնեն ՀՆԱ-ի 5,9 տոկոսին, որը 2022 թվականի նկատմամբ ավել է 1,5 տոկոսով։ Հիշեցնեմ, որ երբ մենք 2021 թվականին կապիտալ ծախսերը նախաատեսում էինք ՀՆԱ-ի 4,5 տոկոսի չափով, շեշտում էինք, որ զգալիորեն բարձր է նախորդ տարիների ցուցանիշներից։ Այս առումով մենք ևս մեկ զգալի ավելացում ենք նախատեսում»։
Ֆինանսների նախարարի խոսքով՝ հաջորդ տարիներին ևս նախատեսվում է այդ մակարդակը պահպանել, որը, նրա ձևակերպմամբ, արդեն իսկ բարձր ցուցանիշ է։
«2023-ին կապիտալ ծախսերի աճի զգալի մասը, կամ՝ երեք քառորդ մասը ուղղվելու է պաշտպանության և անվտանգային ենթակառուցվածքների ֆինանսավորմանը»։
Պաշտպանության ոլորտի ծախսերը հաջորդ տարի կազմելու են 506 մլրդ դրամ՝ 35 տոկոսով գերազանցելով 2022 թվականի ցուցանիշը։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ խոսքը ՀՆԱ-ի 5 տոկոսի մասին է։