Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի 4 անդամներ հաղթահարել են Լիվերպուլում ընթացող աշխարհի առաջնության որակավորման փուլը և դուրս եկել եզրափակիչ։

Որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը և աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Արթուր Ավետիսյանը։

Արթուր Դավթյանը հանդես է եկել հենացատկում և որակավորման փուլի արդյունքով զբաղեցրել առաջին հորիզոնականը։ Նա երկու ցատկի դեպքում էլ վաստակել է 14.900 միավոր։ Հարություն Մերդինյանը վաստակել է 14.700 միավոր և 5-րդ տեղով անցել եզրափակիչ:

Վահագն Դավթյանն օղակների վարժության որակավորման փուլում վաստակել է 14.566 միավոր և դարձյալ 5-րդ տեղով ապահովել իր տեղը եզրափակչում։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 14.466 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը։ Աշխարհի առաջնության որակավորման փուլը չի հաղթահարել միայն երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը։ Առանձին գործիքների եզրափակիչները կանցկացվեն նոյեմբերի 5-ին և 6-ին:

Հիշեցնենք, որ նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը՝ հայ մարմնամարզիկներն ավելի վաղ 21-օրյա ուսումնամարզական հավաք էին անցկացրել Թբիլիսիում:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ընդգրկված է աշխարհի առաջնության մրցավարների շարքում, իսկ հավաքականին ուղեկցում է մարզիչ Հայկ Նազարյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն