10 անգամ ավելի գումար` Հայաստանը գովազդելու համար․ ԱԺ-ում քննարկում են 2023–ի բյուջեի նախագիծը
Էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է 2023թ․–ին ընթացիկ տարվա համեմատ 5, իսկ նախորդ տարվա համեմատ 10 անգամ ավելացնել Հայաստանը գովազդելուն կամ զբոսաշրջային մարքետինգին ուղղված ֆինանսավորումը։ Եթե ընթացիկ տարվա 9 ամիսներին Հայաստան է ժամանել ավելի քան 1 միլիոն զբոսաշրջիկ, ապա նախատեսված ծրագրերի իրականացումից հետո մինչև 2026թ զբոսաշրջիկների թիվը կկրկնապատկվի՝ օրենսդիրին խոստանում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 2023թ․-ի ընթացքում հատուկ հատկացումներ ու ծրագրեր կուղվեն նաև զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը։
«Այս տարի հուլիս և օգոստոս ամիսներին մեր հյուրանոցային ամբողջ պարկը 100 տոկոսով զբաղված է եղել։ Այլ երկրների զբոսաշրջային ընկերությունները մեզ ասում էին, որ բազմաթիվ զբոսաշրջիկների մերժել են, քանի որ չեն կարողացել իրենց տեղավորել Հայաստանում։ Սա առաջին հերթին վերաբերում է Երևան և Գյումրի քաղաքներին, որտեղ մենք հյուրանոցների խոստ պակաս ունենք։ Ակնհայտորեն պետք է հյուրանոցների թիվն ավելացնել և հիմա մենք մեր կառավարության գործընկերների հետ դիտարկում ենք հյուրանոցների ստեղծմանը կամ զարգացմանը խթանող ինչ–որ ծրագիր իրակաանցնելու հարցը»,– ասում է Վահան Քերոբյանը։
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան
Ենթակառուցվածքների զարգացումը թույլ կտա նաև ավելացնել մեկ զբոսաշրջիկից ստացվող եկամուտի չափը՝ ասում է Քերոբյանը։ Այս պահին տարբեր հաշվարկներով մեր երկրում յուրաքանչյուր զբոսաշրջիկ ծախսում է շուրջ 1000 դոլար․ ոլորտային գերատեսչությունում հույս ունեն արդյունքում այս թիվը կրկնապատկել։
Ազգային ժողովում 2023թ․–ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը Էկոնոմիկայի նախարարը շեշտում է՝ իրենց նպատակը առաջիկա տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության մրցունակության ու արտադրողականության բարձրացումն է, ինչի համար նախատեսում են 2023թ․–ին ծախսել ավելի քան 65 միլիարդ դրամ։
«Ընդհանուր առմամբ մենք հաջորդ տարի նախատեսում ենք կրկին 7 տոկոս տնտեսական աճ, որը Կառավարության 2021-2026թթ ծրագրով խոստացված նվազագույն տնտեսական աճն է, և մենք ունենք բազմաթիվ միջոցառումներ, որոնք ուղղված են այդ տնտեսական աճը ապահովելուն»,– մանրամասնում է Էկոնոմիկայի նախարարը։
2023թ Կառավարությունը նախատեսում է նախորդ տարվա համեմատ շուրջ 90 միլիարդ դրամով ավելացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆինանսական հնարավորությունները։ Փոխնախարար Վաչե Տերտերյանը մանրամասնում է՝ բյուջեի շուրջ 1/3-ը նախարարությունը մտադիր է հատկացնել տրանսպորտի ոլորտին, մասնավորապես ճանապարհային ցանցի բարելավմանը։
«Մենք բոլորս տեղյակ ենք, կամ որպես սպառող արդեն նկատել եք, որ մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Երևան–Գյումրի ճանապարհահատվածի վրա։ Եվ տեսանելի ապագայում կունենանք այս ճանապարհահատվածը ամբողջովին պատրաստ։ Շատ կարևոր է նաև հարավային ուղղությունը և մոտ ապագայում կսկսենք աշխատանքները Քաջարանի թունելում»,– ասում է Տերտերյանը։
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
2023թ․–ի բյուջեի հատկացումներով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է նաև վերանորոգել ու բարելավվել Վանաձոր–Ալավերդի–Բագրատաշեն ճանապարահատվածը։ Եվս 45 միլիարդ՝ պետական նշանակության ավտոճանապարհների, 3.5 միլիարդ դրամ՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերանորոգման ու բարեկարգման համար է նախատեսում ծախսել նախարարությունը։ Վաչե Տերտերյանը մանրամասնում է՝ 2023թ․–ին նաև նոր ներդրվող ոլորտային ծրագրեր կլինեն։
«Նախատեսել ենք արտակարգ և վթարային իրավիճակներում օպերատիվ ծառայությունների կանչի ավտոմատացված համակարգի ներդրում։ Կսկսենք հատկապես բանուկ ավտոճանապարհների վրա դրանք տեղադրելուց հետո կընդգրկենք նաև ամբողջական ցանցը։ Միջոցներ ենք նախատեսում հատկացնել նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի ավտոմատացման համար»։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյան
2023թ․–ին ընթացիկ տարվա ճշտված բյուջեի համեմատ պետությունը շուրջ 6 միլիարդով կնվազեցնի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեն։ Եթե 2021թ․–ին պետական միջոցներից նախարարությունը ՏՏ ոլորտի զարգացման համար ծախսել է 6 միլիարդ, 2022թ․-ին արդեն 20 միլիարդ, ապա եկող տարի նախատեսվում է շուրջ 14 միլիարդ դրամի ծախսեր։ Թե ինչու է ոլորտային բյուջեն նախորդ տարվա համեմատ նվազել, նախարարը չի մանրամասնում։