Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր Արտակ Արտյոմի Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր Արտակ Արտյոմի Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին:
Պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝
1. առողջապահության նախարար.
2. արդարադատության նախարար.
3. արտաքին գործերի նախարար.
4. գյուղատնտեսության նախարար.
5. կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.
6. սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.
7. տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.
8. քաղաքաշինության նախարար.
9. ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝
-պետական վերահսկողական ծառայության պետի,
-կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի,
-նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի,
-պետական եկամուտների կոմիտեի նախագահի,
-պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի,
-ջրային կոմիտեի նախագահի: