Նորընծա աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջինն է, որ սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն դարձավ ։ Անգլիական Լիվերպուլի աշխարհի առաջնությունից մեդալով վերադարձավ նաև 38-ամյա Հարություն Մերդինյանը։ Բացառիկ հաղթանակներից հետո մարզիկներն ու նրանց մարզիչը հանդիպել են լրագրողների հետ, պատմել իրենց ապրումների ու առաջիկա անելիքների մասին։

Անկախ Հայաստանի պատմության մեջ աշխարհի չեմպիոն դարձած առաջին մարմնամարզիկ Արթուր Դավթյանը փոքր-ինչ անհանգիստ է․ երբ աշխարհի առաջնություններում առաջին նվաճումդ միանգամից ոսկե մեդալն է, քո իսկ սահմանած նշաձողը գերազանցելը լուրջ մարտահրավեր է դառնում։ Օրերս Լիվերպուլում սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց ու դարձավ աշխարհի չեմպիոն։ Հաջորդ նպատակը օլիմպիական ոսկին է։

«Շատ ուրախ եմ, որ կարացողացա այդ մեդալը նվաճել, հայրենիք բերել։ Միշտ այնպես ենք անելու, որ մեր երկրի պատիվը աշխարհում բարձր պահենք, մեր դրոշը բարձրացնենք։ Դե, ես աշխարհի առաջնությունից մեդալ չունեի, միանգամից ոսկի ունեցա։ Օլիպիական խաղերից ունեմ բրոնզե մեդալ, ձգտելու եմ ոսկե մեդալ նվաճել»։

Սպասում էինք, բայց չէինք հավատում՝ ասում է Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։ Գիտեին, որ առաջնությունից մեդալներով են վերադառնալու, սակայն ոսկե մեդալն անսպասելի էր․

«Անհավատալի էր, քանի որ շատ բարդ ու շատ դժվար էր: Այլ մարզիկ կմտածեր՝ թեկուզ երկրորդ տեղն էլ լավ արդյունք է։ Իրոք այդպես է, բայց իր ցատկը կատարելիս դեմքից արդեն երևում էր, որ չեմպիոնության է գնում»։

Մարզիչը հպարտությամբ է փաստում՝ մեկ այլ բացառիկ նվաճում էլ Հարություն Մերդինյանի բրոնզե մեդալն էր։ Ասում է՝ 38 տարեկանում մարդիկ թողնում են սպորտը, ոչ թե աշխարհի բրոնզե մեդալակիր դառնում․

«Կներեք էս բառի համար․ Հարութի ցավը տանեմ։ Այս տարիքում ուղղակի անհավատալի է։ Ժամանակ կա, որ արդեն ուղղակի պետք է չպարապել, բայց ինքն իրեն չպատկերացրեց առանց մարմնամարզության, առանց այս ընտանիքի, մենք էլ չենք պատկերացնում։ Մեր թիմի ավագն է ու իսկակա՛ն ավագ է․ գնաց, մեդալի բացումն արեց, դե, Արթուրն էլ ոգևորվեց»։

Ֆիզիկական լուրջ աշխատանքով մեդալի արժանացած մարզիկն ասում է՝ խիստ զգացմունքային մրցումներ էին․

«Ճիշտն ասած, երբ հասկացանք՝ հաղթեց Արթուրը, ուզում էինք միանգամից տրիբունայից ներքև իջնել, գրկախառնվել, որովհետև զգացմունքները անկրկնելի էին»։

Իր հաջողության մասին համեստությամբ, բայց նաև հպարտությամբ է խոսում, ասում է՝ այս տարիքում սպորտային կարիերան շարունակում է ընկերների ու մարզիչների շնորհիվ, իսկ 7 տարի ընդմիջումից հետո կրկին բրոնզե մեդալի արժանանալը ոգևորող ձեռքբերում է։ Այժմ էլ պատրաստ է մասնակցել նոր մրցումների․

«Հասկանում ու գիտակցում եմ, որ հնարավոր է, կարող եմ, օրգանիզմս դեռ թույլ է տալիս ծանրաբեռնվածություն վերցնել։ Դեռ լավ եմ զգում, շատ լավ եմ զգում ինձ։ Հետագա մրցումներից որին էլ մեր հավաքականի մարզիչը կասի՝ պետք է մասնակցել, դրան էլ կպատրաստվեմ մեծ ուրախությամբ ու լիարժեք»։

Այս առաջնությունում Հայաստանի հավաքականը այլ հաջողություններ ևս գրանցելէ ․ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Մարզիչ Հակոբ Սահակյանի խոսքով՝ բացառիկ արդյունք էր նաև եզրափակիչում 4 մասնակից ունենալը։ Ասում է՝ մարզահալիճն, իհարկե, բարվոք վիճակում չէ, սակայն դա չի կարող խանգարել, եթե մարզիկները հաղթելու որոշում են կայացրել։

Մարզադահլիճի վիճակին անդրադառնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը։ Նա տեղեկացնում է՝ այդ խնդիրը լուծման փուլում է․

«Վերջին տարիներին բոլոր հաջողություններից հետո մշտապես հնչել է պայմանները բարելավելու մասին հարցը։ Այժմ աշխատանքներ կատարվում են, տարածքն արդեն հատկացրած է, և ես առավել քան վստահ եմ, որ մենք 2-3 տարի հետո ունենալու ենք միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան սպորտային մարմնամարզության մարզադպրոց։ Չկա օդում կախված իրավիճակ՝ արդյոք լինելու՞ է մարզադահլիճը, թե՞ չի լինելու։ Ես՝ որպես ֆեդերացիայի նախագահ պաշտոնապես եմ ասում, որ այո, լինելու է։ Այն կգտնվի Հրազդան մարզադաշտի հարևանությամբ»։

Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ թեև մարմնամարզությունը Հայաստանում մոդայիկ սպորտաձև չէ, հաջողությունները հանգեցնում են նաև պետական ֆինանսավորման ավելացման։ Ֆեդերացիայի բյուջեն այս տարի ավելացել է 30 միլիոն դրամով։ Աշխարհի առաջնությանը մասնակցելը հնարավոր է եղել նաև դրա շնորհիվ։ Վանոյանն ասում է՝ տղաների հաղթանակից հետո մյուս տարի այս մարզաձևի զարգացման համար ավելի մեծ ներդրումների բանավոր պայմանավորվածություն կա։

«Առաջինն ասում էին՝ դուք չեք հասկանում՝ ինչ արեցիք, ասում էինք՝ ի՞նչ արեցինք, աշխարհի չեմպիոն դարձանք»։

Միջազգային գործընկերները գլխավոր մարզչին հաճախ են ասում, թե Հայաստանի հավաքականը դեռ չի հասկանում՝ ինչ բացառիչ ձեռբերում է ունեցել։ Սերոբյանը պատմում է՝ որոշ երկրների ներկայացուցիչներ նույնիսկ գումար են առաջարկել միասին մարզումներ անցկացնելու հնարավորության համար։

«Իսկապես, ամենալավ զգացմունքն է, որ մենք հաղթող ենք։ Նշաձողը բարձրացել է, ավելի հեշտ է հասնելը, քան պահելը, արդեն մեզնից է կապված, փորձելու ենք ամեն ինչ, ագահություն չլինի, բայց փորձելու ենք 4 հոգի գնաց՝ 4 ոսկի լինի, ի՞նչ է եղել որ»։ (Ժպտում է)


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն