Հանրապետության նախագահը ԵՄ պատվիրակներին է ներկայացրել տարածաշրջանային իրողություններն ու գործընթացները
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը:
Նախագահը ողջունել է պատվիրակների այցը Հայաստան և կարևորել Հայաստան-Եվրամիություն գործընկերության շարունակական ու բազմաշերտ զարգացումը:
Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն իրականացնում է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկրի ստանձնած պարտավորությունները, որոնք ուղղված են մեր քաղաքացիների բարեկեցության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, կառավարման արդյունավետության բարձրացմանը, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանվածության բարձրացմանն ու սոցիալական, առողջապահական ամենատարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը ԵՄ պատվիրակներին է ներկայացրել տարածաշրջանային իրողություններն ու գործընթացները, անվտանգային խնդիրները, անդրադարձել 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային և կարևորել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության ներկայությունը Հայաստանում:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության ու հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացի, տարածաշրջանային անվտանգության կարևորության և հայ-թուրքական երկխոսության ներկա փուլի վերաբերյալ: