1 ժամ էինք տվել՝ գերեվարված 6 զինծառայողներին վերադարձնելու համար, բայց մեր ռուս գործընկերներն ասացին Բաքվի հետ քննարկում են վերադարձի հարցը․ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ
Գերեվարված զինծառայողների խումբն ունեցել է և՛ իր աջակցման խումբը, և՛ կառավարման խումբը, և՛ խնդրի կատարման խումբը։ Այս մասին ՊՆ-ում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց գեներալ-մայոր, ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով սահմանային իրադրությանը։
«Բոլոր նշվածները չեն գերեվարվել, այսինքն՝ եթե 6 զինծառայող գերեվարվել է, չի նշանակում, որ խումբը կազմված էր 6 հոգուց։ Խումբն ավելի մեծ էր, սակայն գործողությունների անմիջական շրջանում եղել է 4 զինծառայող, որոնք անմիջական խնդիր էին կատարում, և երկուսը՝ կառավարման խմբի մեջ մտնող, մոտեցել էին բանակցություններ վարելու։ Այսինքն՝ պատկերացնում էին, որ կլուծվեր նույն ճանապարհով, բայց հակառակորդը գործել է այլ կերպ, և մեր տարածքում՝ պետական սահմանից 800 մետր խորության վրա, շրջափակել և գերեվարել մեր 6 զինծառայողներին»,-ներկայացրեց նա՝ նշելով, թե միջադեպն առևանգում չէ, առևանգելը զինվորական տերմինաբանության մեջ չի մտնում։
Ասրյանը նաև հավալեց․ «Մենք տվել էինք 1 ժամ՝ գերիներին վերադարձնելու համար, 1 ժամն անցնելուց հետո մեզ հետ կապ են հաստատել ռուս գործընկերները, որոնք Ստեփանակերտում են, և ներկայացրել, որ անցկացնում են խորհրդակցություն և Բաքվի հետ քննարկում գերիների վերադարձման հարցը, դրա համար մենք 1 ժամը լրանալուց հետո համապատասխան գործողությունների չենք գնացել։ Եթե հակառակորդը մեր պայմանները չկատարի, մշակվում են համապատասխան պլաններ»,-ասաց ԶՈւ ԳՇ պետի տեղակալը։