Հայաստանը Ֆրանկոֆոնիայի նախագահությունը փոխանցեց Թունիսին
Ակնկալում ենք միջազգային հանրության գնահատականը մեր երկրում ստեղծված իրավիճակին, ելույթ ունենալով Թունիսի մայրաքաղաք Ջերբայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միջոցառմանը մասնակցող երկրների առաջնորդներին, այդ թվում` վարչապետ Փաշինյանին դիմավորել են Թունիսի նախագահ Կայիս Սաիդը և Ֆրանկոֆոինիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովին մասնակցում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, մի քանի տասնյակ այլ պետությունների առաջնորդներ:
Կազմակերպությունում վերջին 4 տարիներին նախագահում էր Հայաստանը։ Նախագահությունն այսօր փոխանցվել է Թունիսին։
Մտերմիկ ու գնահատված միջավայր Թունիսի Ջերբա քաղաքում։ Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել այդ երկրի նախագահ Սաիդին և թունիսցի ժողովրդին` կարևոր հանդիպումը կազմակերպելու և ջերմ հյուրընկալություն ցուցաբերելու համար։
Ֆրանկոֆոնիայի վերջին գագաթաժողովը չորս տարի առաջ անցկացվել էր Հայաստանում։ Ընթացիկ նախագահության բացառիկ երկար ժամանակաշրջան, որը, սակայն, վարչապետ Փաշինյանի գնահատմամբ, Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է պատվով՝ անվերապահորեն կյանքի կոչելով ստանձնած բոլոր պարտավորությունները։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ թանկագին Լուիզ Մուշիկիվաբոյին, մեր կազմակերպությունն այս ընթացքում այդչափ արդյունավետ կառավարելու, ինչպես նաև հաստատված որակյալ փոխհարաբերությունների համար։ Ուրախ եմ, որ կարողացել ենք համատեղ աշխատել լիակատար ներդաշնակության պայմաններում»։
Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել հաստատակամորեն ապագային միտված, աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին համարժեք հավակնություններ ստանձնած կազմակերպության նոր կերպարի կերտման գործում ներդրված ջանքերը։Վերջին տարիների ընթացքում աշխարհը ենթարկվել է մեծ ցնցումների՝ նշել է Փաշինյանը՝ նկատելով, որ համավարակը, պատերազմների վերսկսումն ու դրանց հետևանքները խորը հետք են թողել համաշխարհային պարենային և էներգետիկ մատակարարումների վրա և միջազգային նոր միջավայր են ձևավորել։
Փաշինյանի խոսքով՝ այդ մարտահրավերները եկել են նաև բացահայտելու նոր մոտեցումների ու արժեքների անհրաժեշտությունը։ Հայաստանի վարչապետը կարծում է, որ պետք է շարունակել խթանել երկրների միջև ուժեղացված համագործակցությունը՝ ընդգծելով համերաշխության սկզբունքը։ Վերջինը պետք է ենթադրի, որ առաջարկվող ծրագրերն ու նախաձեռնությունները կարող են օգուտ բերել առավել խոցելի երկրներին, ինչպես նաև խոցելի իրավիճակներում գտնվող բնակչությանը։
«Առերեսվելով ատելության խոսքի և անհանդուրժողականության ակտիվացմանը՝ այսօր ևս համոզվում ենք Երևանի գագաթնաժողովի «Ապրել միասին» կարգախոսի արդիականության և մարդու իրավունքների, հավասարության և մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքը խթանելու անհրաժեշտության մեջ։
Ի վերջո, դիմակայելով ճգնաժամերի և հակամարտությունների բազմապատկմանը՝ մենք ողջունում ենք Ֆրանկոֆոնիայի հանձնառությունն ի նպաստ բազմակողմանիության, որը երաշխավորում է իրավունքի և պետությունների ինքնիշխանության հարգանքի վրա հիմնված միջազգային համակարգի գոյությունը»։
Հայաստանի վարչապետը նկատել է, որ վերջին շրջանում, ցավոք, խախտվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժ չկիրառելու սկզբունքը, որի վրա հիմնված է բոլորի հավաքական անվտանգությունը։ Այդ խախտման հետևանքն է, որ աստիճանաբար պարտադրվում է ամենաուժեղի օրենքը՝ արձանագրել է Հայաստանի ղեկավարը։
«Ադրբեջանի կողմից գործադրված ագրեսիան, որի զոհը դարձավ Հայաստանի Հանրապետությունը ս.թ. սեպտեմբերի 13-14-ին, այս իրողության վառ դրսևորումն է։Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային՝ մահ և տառապանք պատճառելով քաղաքացիական բնակչությանն ու հասցնելով զգալի ավերածություններ։
Հաստատված զինադադարը, սակայն, դեռևս վերջ չի դրել Հայաստանի այլ տարածքների նկատմամբ այս երկրի նկրտումներին:
Առերեսվելով նոր սպառնալիքներին՝ մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա այսօր մեր երկրում տիրող իրավիճակին՝ դատապարտելով հայկական տարածքի որոշ հատվածների օկուպացիան և պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր»։
Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանը հանձնառու է Ադրբեջանի հետ խաղաղության հասնելուն՝ միաժամանակ ապահովելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։
Հայաստանի վարչապետը կարևորել է ֆրանսերենի մասին ընդունվելիք հռչակագիրը, կարծիք հայտնել, որ այն կդառնա կարևոր փաստաթուղթ ֆրանկոֆոն բոլոր երկրները շաղկապելու գործում։
«Հայաստանը համոզված է, որ հայտարարված համընդհանուր ձգտումը թույլ կտա ապահովել Ֆրանկոֆոնիայի ճանաչելիությունը միջազգային մակարդակով, ինչպես նաև նրա արժեքների ու գաղափարների տարածումը, որոնց իմ երկիրը շարունակում է խորապես հավատարիմ լինել»։
Փաշինյանի ելույթից հետո տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահության փոխանցումը Հայաստանից Թունիսին` ՀՀ վարչապետի և Թունիսի նախագահի ձեռքսեղման խորհրդանշական արարողությամբ։