Նոյեմբերի 18-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ այդ օրը՝ ժամը 01։00-ի սահմաններում, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 45-ամյա Կարեն Ե․-ն է։

Նույն օրը՝ ժամը 01։20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ« ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել են, որ «բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակչ՝ 22-ամյա Հայկ Պ․-ն է։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները տվյալ պահին ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել Քանաքեռ 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկի դիմացից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և Երևանի բնակիչ՝ 18-ամյա Գուրգեն Ե․-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նշված անձանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին և տեղափոխել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն