Ընդդիմությունը ՔՊ-ին առաջարկում է համատեղ հայտարարություն ընդունել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ «Հայաստան» դաշինքը՝ ի դեմս խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, երեկ գրավոր դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ արտահերթ նիստ նախաձեռնելու եւ իրենց հեղինակած նախագիծը շրջանառության մեջ դնելու հարցով։ Ընդդիմությունը հայտարարության տեքստ է պատրաստել եւ առաջարկում է, որ ՀՀ խորհրդարանը պատասխանի Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թ․ նոյեմբերի 8-ին ընդունած հայտարարությանը։ Ադրբեջանի Միլի Մեջլիսը, Հայաստանին հասցեագրված մեղադրանքներից բացի, իր հայտարարությամբ դիմել էր ՀՀ խորհրդարանին։ «Միլի Մեջլիսը կոչ է անում հայկական կողմին՝ ճիշտ գնահատել ստեղծված պատմական հնարավորությունը։ Միլի Մեջլիսը կարծում է, որ Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքների հիման վրա խաղաղ բանակցությունների գործընթացում ձեռնարկվելիք քայլերը կնպաստեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասված է հայտարարության մեջ։ Իշխող ՔՊ խմբակցության երբեմնի բլբուլները բերանները ջուր են առել եւ լռում են ադրբեջանական հայտարարության վերաբերյալ, խորհրդարանից էլ անցած շաբաթ մեզ փոխանցել էին, որ ասելիք չունեն։ Որքանո՞վ է հավանական, որ իշխանականները չեն տապալի արտահերթ նիստը։