Ադրբեջանի հրավերով Արցախի օկուպացված հայկական տարածքներ այցելած դեսպանների ներկայացրած երկրները խորապես չեն վերլուծել Արցախի հիմնախնդրի իրավական և զգացական կողմերը, իսկ առանձին երկրներ պարզապես ցանկանում են տնտեսական օգուտներ ստանալ Ադրբեջանի քաղաքականությունից:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տարածաշրջանի քաղաքական հարցերի վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով նշված երկրների դեսպաններին ՀՀ ԱԳՆ հրավիրելու փաստին:

Վերլուծաբանի խոսքով՝ Ադրբեջանի հրավերով Շուշի այցելած դեսպանների երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին արտգործնախարարություն հրավիրելու և հայկական կողմի դժգոհությունը արտահայտելու քայլը ողջունելի է:

«Հասկանալի է, որ ժամանակային առումով դրա որոշակի ուշացումը պայմանավորված է ԱԳՆ-ում ստեղծված իրողություններով, և պետք է հույս հայտնել, որ իրավիճակի կարգավորումից հետո Հայաստանի արտգործնախարարությունը շատ ավելի ակտիվ կերպով կանդրադառնա Ադրբեջանի կողմից պարբերաբար շարունակվող ոչ բարեկամական, հավակնոտ և ապակայունացնող գործողություններին, ընդ որում՝ ոչ միայն դիվանագիտական ճակատում, այլև քաղաքական, ռազմական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում», – ասաց Արմեն Պետրոսյանը:

Պատասխանելով հարցին, թե դեսպաններին արտգործնախարարություն հրավիրելը ազդեցություն կունենա՞ նրանց երկրների դիրքորոշման վրա Լեռնային Ղարաբաղի հարցում, Արմեն Պետրոսյանը շեշտեց, թե չի կարծում, որ Ադրբեջանի հրավերով այդ քայլին գնալը նշանակում է, որ նրանք կիսում են Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում:

«Իմ կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունների հրավերով Արցախի օկուպացված տարածքներ այցելած դեսպանների ներկայացրած երկրների որոշում կայացնողները կա՛մ խորապես չեն վերլուծել խնդրի բարոյական, զգացական, ինչու ոչ, նաև իրավական կողմերը, կա՛մ պարզապես ունենալով որոշ նեղ նպատակներ գնացել են նման քայլի՝ ակնկալելով Ադրբեջանից որոշակի քայլեր կամ շահեր: Չմոռանանք, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են Արցախի Հանրապետության՝ իրենց վերահսկողության տակ անցած շրջաններում ակտիվ տնտեսական, վերականգնողական ծրագրեր իրականացնել, և կարծում եմ՝ առանձին երկրներ պարզապես այդ քաղաքականությունից օգտվելու նպատակներ ունեն և ցանկանում են որոշակի տնտեսական, նյութական օգուտներ ստանալ», – նշեց մեր զրուցակիցը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն