Արաքսի հունից ավազ արդյունահանելու պայմանները կխստացվեն
Խորհրդարանի հաջորդ շաբաթվա լիագումար նիստերին ընդառաջ հանձնաժողովները քննարկում են այն նախագծերը, որոնց մեծ մասն ընդգրկվելու է օրակարգում։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկված հարցերի մեծ մասը դրական եզրակացություն է ստացել, նախագծերից մեկը՝ «Ընդերքի մասին» օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները քննարկվել են, բայց հետաձգվել երկու ամսով։
Կառավարությունը խստացնում է սահմանային գետերի հունից ավազի արդյունահանման պայմանները։ Այս պահին Արաքս գետից նման գործունեություն իրականացնելու թույլտվություն ունի 17 ընկերություն։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը տեղեկացրեց, որ «Ընդերքի մասին» օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են հենց Արաքս գետին առնչվող հիմնախնդիրներով։
Ըստ փոխնախարարի՝ իրականացված արդյունահանումների հետեւանքով ծագել են սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր եւ առաջացել է խնդիրների հրատապ կարգավորման անհրաժեշտություն:
Կառավարությունը գետի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման եւ փլուզված արգելապատնեշների վերակառուցման անհրաժեշտություն է տեսնում և առաջարկում է սահմանափակել ընդերքօգտագործման հնարավորությունները։
«Սահմանային շերտում սահմանային գետի գետաողողոատներից ավազ արդյունահանելու նպատակով ընդերքօրգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից տվյալ գետի հունից ավազի արդյունահանման դեպքում լիազոր մարմնի որոշմամբ ընդերքօգտագործման իրավունքը կասեցվում է և մինչև վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելը մնում է կասեցված։ Լիազոր մարմնի որոշումը ենթակա է անհապաղ կատարման»։
Սահմանային գետերից ավազ արդյունահանող կազմակերպությունները պետք է նաև GPS համակարգեր տեղադրեն, հակառակ դեպքում՝ կենթարկվեն վարչական պատասխանատվության․ առաջին անգամ կտուգանվեն 5 մլն դրամի չափով, նույն իրավախախտումը կրկնելու դեպքում ընդերքօգագործման իրավունքը կկասեցվի։
«Հաշվի առնելով, որ սահմանային շերտում հսկողություն իրականացնում է ՌԴ սահմանապահ ուժերն են։ Տեսչական մարմինը, որպեսզի կարողանա իր լիազորությունները կատարել, անհրաժեշտություն կա, որ իրազեկի, հետո նոր գնա այդ վայր։ Շատ դեպքերում չի ստացվում հայտնաբերել գետի հունից արդյունահանման պահը։ ԱԱԾ գործընկերները, որ այդ հատվածում են լինում, որպես այդպիսին գործիքակամզ չունեմ, որպեսզի կարողանան արձանագրել՝ ֆոտո կամ վիդեո տարբերակով, որպեսզի դա հիմք հանդիսանա ու ընդերքօգտագործողի հանդեպ սանկցիա կիրառեն»։
Սահմանային գետերի հունից ավազ արդյունահանող ընդերքօգտագործող ընկերությունների GPS համակարգերը միացված կլինեն ընդհանուր սերվերին։ Դրանից օգտվելու հնարավորություն կունենան տեսչական մարմնի աշխատակիցները։ Նրանք օնլայն կհետևեն սահմանային գետի հունից ավազ արդյունահանելու գործընթացին։ Նախագծով հստակեցվում են իրավախախտումներն ու խստացվում է պատասխանատվությունը։ Արգելքների հարցում հակասահմանադրականության խնդիր է տեսնում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։
«Ձևակերպումն այսպիսին է՝ լրացվում էր մի հոդված, որով կառավարությանը հնարավորություն էր տրվում որոշակի տեղանքներում թույլ չտալ որոշակի տնտեսական գործունեություն իրականացնել։ Մեր իրավաբանական վարչությունը Սահմանադրության ու այլ օրենքների հետ հակասություն են տեսնում։ Կամ պետք է առանձին օրենքով արգելել կամ չարգելել։ Մյուս հարցը՝ իսկ կարո՞ղ է այս դեպքում մենք ավազի դեֆիցիտ ունենանք»։
ՏԿԵ փոխնախարարը հստակեցնում է՝ այս պահին Արաքսի հունից ավազի արդյունահանումը սահմանափակվում է կառավարության որոշմամբ, օրենքով այդ խնդիրը չի կարգավորվում։ «Ընդերքի մասին» օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով փորձ է արվում օրենսդրական հիմք ապահովել գործընթացի համար։ Ինչ վերաբերում է ավազի դեֆիցիտ առաջանալուն, փոխնախարարն այդ հեռանկարը չի բացառում, բայց նշում է, որ ազգային անվտանգության հարցերն այս դեպքում գերակա են։
«Հաշվի առնելով այն անվտանգային խնդիրը, որը առաջացել է տվյալ հատվածներում ընդերքօգտագործումից, մենք որպես լիազոր մարմին՝ համարել ենք, որ այս հարցը առաջնային է ու ժամ առաջ պետք է կարողանանք կարգավորում ունենալ»։
Չնայած կառավարությունը կարծում է, որ խնդիրն օր առաջ պետք է լուծում ստանա, խորհրդարանում այլ կարծիքի են։ Հանձնաժողովի ՔՊ-ական անդամների մեծ մասն առաջարկվող լուծումը լիարժեք չի համարում։ Նախագծի քննարկումը հետաձգվեց երկու ամսով, բայց պայմանով, որ հաջորդ տարի արագացված ռեժիմով կքննարկվի։