ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:

Իր հանցավոր նպատակի իրականացման համար Ա.Ա.-ն ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից մի քանի օր առաջ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ի աշխատասենյակում հանդիպել է վերջինիս և առաջարկել ընտրություններից հետո դրամական օգնություն տրամադրել այն ընտրողներին, ովքեր կխոստանան ընտրել «Հայաստան» դաշինքին: Հանցագործությունը, սակայն, ավարտին չի հասցվել Ա.Ա.-ի կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Լ.Ա.-ն հրաժարվել է ընտրողներին հանդիպելուց և նրանց դրամական օգնության տեսքով կաշառք առաջարկելուց:

Բացի այդ, 2021 թվականի ապրիլի 28-ին Ա.Ա.-ի պահանջով Լ.Ա.-ն կազմակերպել է վերջինիս հանդիպումը Քարահունջ բնակավայրի մի խումբ բնակիչների հետ, ովքեր Ա.Ա.-ից տարբեր խնդիրների լուծման համար դրամական աջակցություն են խնդրել: Այնուհետև հիշյալ ընտրողներին Գորիսի համայնքապետարանի կողմից բանկային փոխանցման միջոցով տրամադրվել է 100.000-220.000 ՀՀ դրամ:

Հետագայում` նախընտրական քարոզարշավի ընթացքում, Ա.Ա.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպել է նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի մի խումբ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև ծառայողական կախվածությունն օգտագործելով ընտրողներին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը: 

Մասնավորապես, Գորիս համայնքի ղեկավարը Լ.Ա.-ին հանձնարարել է ստանձնել նշված դաշինքի՝ Քարահունջ բնակավայրի նախընտրական շտաբի ղեկավարման աշխատանքները և բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ մինչ այդ պահը Գորիսի համայնքապետարանից արդեն իսկ դրամական օգնություն ստացածներին մեկտեղել, որպեսզի նրանք մասնակցեն քարոզարշավին ու ընտրություններին և ընտրեն «Հայաստան» դաշինքին:

Ա.Ա.-ի կազմակերպմամբ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ն, իր հերթին,  2021 թվականի հունիսի 7-ին հաջորդած տարբեր օրերի ընթացքում անձամբ` հանդիպումների և հեռախոսազանգերի ժամանակ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է Քարահունջ բնակավայրի բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` պարտադրելով մասնակցել նշված ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: Բացի այդ, օգտագործելով հիշյալ ընտրողների՝ սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, Լ.Ա.-ն վերջիններիս հարկադրել է 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել վերը նշված դաշինքի օգտին:

Նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Ա.Ա.-ին 15.07.2021թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ա.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն