Սամուել Էտո՛Օ-ն ներողություն է խնդրել երկրպագուին հարվածելու համար
«Ռեալի», «Բարսելոնայի», «Չելսիի» և Կամերունի լեգենդար ֆուտբոլիստ, այժմ Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամուել Էտո՛Օ-ն ներողություն է խնդրել երկրպագուին հարվածելու համար։
«Ներողություն եմ խնդրում հունից դուրս գալու համար ․․․ հարիր չէր նման արձագանքն իմ կողմից։ Ներողություն եմ խնդրում այդ տհաճ միջադեպի համար։ Ես շարունակում եմ դիմակայել որոշ ալժիրցի երկրպագուների սադրանքներին և ամենօրյա հետապնդումներին։ Կամերուն-Ալժիր խաղից հետո ես դարձա վիրավորանքների ու իմ մասնակցությամբ խարդախության մեղադրանքների թիրախ։ Նույն պատճառով ալժիրցիները հետապնդել են կամերունցի երկրպագուներին: Ես Ալժիրի իշխանություններին և երկրի ֆուտբոլի ֆեդերացիային կոչ եմ անում քայլեր ձեռնարկել այս անառողջ մթնոլորտին վերջ տալու համար»,- գրել է Սամուել Էտո՛Օ-ն սոցցանցերում։
Ավելի վաղ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում Էտո՛Օ-ն քաշքշուկի մեջ է մտնում երկրպագուների հետ։ Սկզբում նա լուսանկարվում է երկրպագուների հետ, հետո նրան մի երկրպագու է մոտենում և զայրացնում՝ անընդհատ տեսանկարահանելով։ Նրանք մի քանի բառ են փոխանակում, ինչից հեո կամերունցին հարձակվում է տեսախցիկով տղամարդու վրա և հրում նրան։ Այնուհետև, տղամարդը ցանկանում է գետնից ինչ-որ բան վերցնել, իսկ Էտո՛Օ-ն մոտենում և ոտքով հարվածում է նրա գլխին։