Արգենտինայի հավաքականը՝ Աշխարհի չեմպիոն
Արգենտինայի հավաքականը հռչակվեց ԱԱ չեմպիոն։ Կատարի «Լուսաիլ Իկոնիկ» մարզադաշտում գերլարված պայքարում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության ամենագլխավոր հանդիպումը՝ եզրափակիչը: Միմյանց հետ մրցեցին Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։
Արգենտինան 11 մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային և երրորդ անգամ նվաճեց գավաթը:
Հիմնական ժամանակն ու երկու լրացուցիչ խաղակեսերն ավարտվեցին 3:3 հաշվով: Արգենտինացիների կազմում գոլերի հեղինակ դարձան Լիոնել Մեսսին (23-րդ րոպե, 11 մետրանոց, 108-րդ) և Անխել Դի Մարիան (36): Ֆրանսիական հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն (80, 11 մետրանոցից, 81, 118, 11 մետրանոցից): 11 մետրանոց հարվածաշարն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ Արգենտինայի:
Եվ Ֆրանսիայի, և Արգենտինայի հավաքականներն իրենց պատմության մեջ երկու անգամ դարձել են ԱԱ-ի չեմպիոն։ Արգենտինայի հավաքականը երրորդ անգամ նվաճեց աշխարհի գավաթը։ Նախկինում արգենտինացիները հաղթել էին 1978 և 1986 թվականներին: Ֆրանսիացիներն աշխարհի չեմպիոն են դարձել 1998 և 2018 թվականներին։ Տիտղոսների քանակով ռեկորդակիրը Բրազիլիայի հավաքականն է (հինգ անգամ), չորս անգամ հաղթեցին իտալացիներն ու գերմանացիները, երկու անգամ չեմպիոն դարձան ուրուգվայցիները, մեկական անգամ՝ բրիտանացիներն ու իսպանացիները։
Հաջորդ Աշխարհի առաջնությունը կկայանա 4 տարի հետո Հյուսիսիային Ամերիկայում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Սա կլինի առաջին ԱԱ-ն, որին կմասնակցի 48 հավաքական։