Ֆուտբոլի ֆեդերացիան դատական հայց կներկայացնի ընդդեմ «Փյունիկի» սեփականատիրոջ․ հայտարարություն
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հարցազրույցին անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Տարածած հաղորդագրություոնւմ ասվում է․« Արթուր Սողոմոնյանը դեկտեմբերի 16-ին ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ ղեկավարության հասցեին հնչեցրել է կեղծիք, զրպարտություն պարունակող հայտարարություններ, նաեւ դիմել է սուտ մատնության, ինչը, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, ենթակա է քրեական պատասխանատվության:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ ՀՖՖ-ի և ՀՖՖ ղեկավարության հասցեին արված զրպարտության եւ կեղծիքի համար դատարանի միջոցով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին պարտադրելու է հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկելու վերջինիս սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:
Նշենք, որ Սողոմոնյանը հայտնել էր, որ իրենք անվստահություն են հայտնում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին և պահանջում են նրա հրաժարականը։